Դահուկորդ Միքայել Միքայելյանը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի հատուկ ծրագրով
Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը հաջորդ մրցաշրջանին կնախապատրաստվի թարմացված ծրագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է անձամբ մարզիկը` Միքայել Միքայելյանը:
«Պեկինի Օլիմպիական խաղերում կազմակերպվածության առումով բացարձակ ոչ մի խնդիր չունեցանք: Սրանք իմ երկրորդ Օլիմպիական խաղերն էին: Պեկինի խաղերն ինձ առավել տպավորեցին: Բայց կորոնավիրուսի պատճառով ներկա չէին երկրպագուները, ինչն իր ազդեցությունը թողեց»,-ասաց Միքայելյանը:
Դահուկորդի խոսքով` մարզական տեսանկյունից ինքը գոհ չէ իր գրանցած արդյունքներից, քանի որ նախապատրաստական շրջանն առավել հագեցած էր եղել: «Եթե ինքս ինձ գնահատեմ 10 բալային համակարգով, ապա` 5 բալ կգնահատեմ: Ես ինքս ինձնից առավել շատ սպասելիքներ ունեի»,-շեշտեց մարզիկը:
Միքայելյանի համար այս մրցաշրջանն ավարտված է: Դահուկորդը հաջորդ մրցաշրջանին կնախապատրաստվի ծնողների՝ Արթուր Միքայելյանի և Ալլա Միքայելյանի հետ, ովքեր նաև հավաքականի մարզիչներն են: Նա նոր մրցաշրջանին կնախապատրաստվի հատուկ ծրագրով:
«Մարզումներս կշարունակեմ մինչև ապրիլ. Աշոցքում ձյունը երկար է մնում: Հիմա նաև թեթև հանգստի փուլ է մեզ համար: Մարզումային պլանն էլ փոփոխության կենթարկենք»,-եզրափակեց նա: