Բաժիններ՝

Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից խարդախություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության տնօրենը բուժքույրերի վերապատրաստման՝ 2018թ. իրականացվելիք դասընթացները Մեղրի քաղաքում կազմակերպելու նպատակով, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին հասցեագրված գրությամբ խնդրել է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ 39 բուժքույրերի՝ պետպատվերի շրջանակներում իրականացվող, վերապատրաստման դասընթացները կազմակերպել Մեղրի քաղաքում՝ պատճառաբանելով, որ քաղաքը սահմանամերձ տարածաշրջան է: Այնուհետև խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նշված հանգամանքը թաքցնելով վերապատրաստման ենթակա բուժքույրերից՝ վերջիններիս ներկայացրել է, որ դասընթացները Մեղրիում կազմակերպելու համար յուրաքանչյուրը պետք է վճարի 35000 դրամ գումար, պահանջել և ընկերության կադրերի տեսուչի միջոցով նույն ընկերության 11 բուժքույրերից ստացել է զգալի չափերով` ընդհանուր 385000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ընկերության կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս