Գեղարքունիքի մարզում առատ ձյուն է տեղում
Մարտի 13-ին եւ 14-ին Գեղարքունիքի մարզով մեկ շարունակվում են ձյան թույլ կամ ուժեղ տեղումները, որոնք ուղեկցվում են բքերով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, տեղացած ձյան եւ բքերի արդյունքում առայժմ փակ է մնում Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի վիճակ է առաջանում ճանապարհների որոշակի հատվածներում, որտեղ տեղումներն ուղեկցվում են բքերով։ Մարտի 14-ի կեսօրվա դրությամբ ձյան տեղումները շարունակվում են Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածքներում, իսկ Մարտունու եւ Վարդենիսի տարածքներում ձյունը համամատաբար առատորեն տեղացել է մարտի 11-ից 13-ի ընթացքում։
Մարտի 14-ին ուժեղ բքեր են սկսվել Վարդենիսի տարածքում՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով հատկապես լեռնային գյուղեր տանող ճանապարհներին։ Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։