Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) հատուցել է պատճառված ավելի քան 2.7 մլրդ դրամ վնասը. Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունից մեկնաբանել են Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) կալանքի փոփոխության հարցը։
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»,-ասված է պարզաբանման տեքստում։
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է գրավ՝ 50 մլն դրամ։