«Վտանգն իրական է, իրոք, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումներ են գնում». ադրբեջանագետ
Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ. օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Միևնույն ժամանակ՝ կարող է տեղի ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց»,- նշել է նա։
«Տեղեկություններ կան, որ որպես նախապայման՝ 5 կետանոց փաստաթուղթ են ուղարկել Հայաստան: Ըստ իրենց սոցցանցերում արված տաբեր հրապարակումների՝ վերջնաժամկետը մինչև մարտի 18-ն է:
Ադրբեջանն առաջին հերթին պահանջում է, որպեսզի Հայաստանը ճանաչի իր, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Հաջորդն ադրբեջանական «անկլավ»-ների վերադարձն է, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը, ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականների հիմնախնդիրը, այսինքն՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի քննարկումը կամ, հակառակ պարագայում, փոխհատուցման հետ կապված խնդիրը: Կարծում եմ, որ հայկական կողմի համար սա անընդունելի է, որովհետև անհամատեղելի է՝ մեր պետականության գոյության հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Խոսելով թշնամու կողմից շարունակվող սադրանքների մասին՝ ադրբեջանագետը նշեց. «Այդ ահաբեկչական գործողությունները, որոնք շարունակվում են, նպատակ ունեն խաղաղ բնակչությանը դուրս մղել Արցախի տարածքից: Դիմում են սադրանքների, լուրեր տարածում, թե իբր ռուս խաղաղապահներն Արցախից գնում են Ուկրաինայի ռազմաճակատ, և այլն: Ինչքան երկարի ուկրաինական ճգնաժամը, այնքան մեծ հավանականություն կա, որ ադրբեջանական կողմը խոշորածավալ սադրանքի կդիմի, հատկապես որ, մենք հայտարարել ենք խաղաղության դարաշրջան:
Վտանգն իրական է, իրոք, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումներ են գնում, տեսել ենք, թե ինչ սրացում է վերջին շրջանում եղել Երասխի ուղղությամբ. զոհ ունենք, ու դա պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ատամով փորձում է մեր դիմադրողականության աստիճանը»:
Հավելենք, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով, «Արմենպրես»-ին ասել է Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչ օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրներն ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում, թերևս, կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», – մասնավորապես նշել է Հունանյանը: