«Այս կարճ պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ արդեն սխալվել եմ». Արդարադատության նախարար

«Ես գիտեմ, որ կառավարությունում քննարկումներ հաստատ կան, դրանց որոշ մասին ես ինքս եմ ականատես եղել, չնայած շատ ոլորտային քննարկումներ կառավարությունում կատարվում են՝ ըստ ոլորտների պատասխանատուների։ Սակայն ինքս ինձ իրավունք չեմ վերապահի նման հարցի շուրջ խոսեմ կառավարության անունից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Ըստ նրա՝ այս հարցերն իրեն շատ են անհանգստացնում՝ որպես ՀՀ կառավարության անդամի և հայ մարդու, նաև վստահ է, որ այդ հարցերն անհանգստացնում են ողջ կառավարությանը, սակայն այդ հարցերի մասին, ճիշտ է, որ ոլորտի ղեկավարը խոսի։

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքին, Կարեն Անդրեասյանն անկեղծ խոստովանեց. «Այս կարճ պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ արդեն սխալվել եմ, որ փորձել եմ խոսել՝ որպես նախկին ՄԻՊ, դա շատ ծանր է նստում իմ՝ որպես նախարարի աշխատանքի վրա՝ այն իմաստով, որ շփոթ է տեղի ունենում և արդարացի դժգոհություններ են լինում, ես էլ սկսում եմ շեղվել իմ ամենօրյա աշխատանքներից։ Եթե ես հիմա ասեմ, որ շատ մտահոգված եմ այդ վաճառքով, արդյո՞ք դա չի դիտվի, որ ես քաղաքացիների հետ կապված՝ փորձում եմ  այս կամ այն կերպ ազդել հակակոռուպցիոն կոմիտեի կամ Դատախազության վրա։ Եթե փորձեմ այդ հարցին պատասխանեմ, ապա նշանակում է՝  դուք ինձ կդրդեք ապօրինության։ Կարծում եմ՝ դուք չէիք հարգի նման արդարադատության նախարարի»,- հարցի պատասխանն էլ նախարարն ավարտեց՝ նշելով, թե սա այն գործն է, որի մասին ինքն իրավունք չունի խոսելու։

«Ասում եմ՝ եթե այդ հարցին պատասխանեմ, կլինի՝ ապօրինություն եմ անում, Արդարադատություն նախարարը, որն ապօրինություն է անում, բա դա ձեզ պե՞տք է»,- հավելեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս