Ուկրաինայում իր տունն է լքել ավելի քան 5 միլիոն մարդ. ՄԱԿ
Ուկրաինայում ավելի քան 5 միլոն մարդ հարկադրված է եղել լքելու իր տունը հակամարտության հետեւանքով: Մարտի 14-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել է փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին։
«Ուկրաինայում ավելի քան 5 միլիոն մարդ՝ բնակչության 10–15 տոկոսը, զրկվել է օթեւանից, որոնց կեսն արդեն հեռացել է երկրից, բայց այդ տեմպերով եւս 3 միլիոնը կմեկնի առաջիկա օրերին»,- ասել է Գրանդին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի 40-միլիոնանոց բնակչության մեկ երրորդը «գտնվում է հուսահատ վիճակում պատերազմի հետեւանքների պատճառով»:
«Ամեից շատ ապշեցնում է, թե ինչպես է այդ իրավիճակն ստեղծվել ընդամենը երկու շաբաթում»,- հավելել է նա՝ նշելով, որ «այս միգրացիոն ճգնաժամն ամենալուրջն է» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Գերագույն կոմիսարը նաեւ նշել է, որ առայժմ դա հաջողվում է հաղթահարել այն բանի շնորհիվ, որ «ուկրաինացիները սերտ կապեր ունեն Եվրոպայի հետ, որտեղ ուկրաինական համայնք է հաստատվել»:
«Այդ տեսակետից նրանց ժամանակավոր ընդունումը դառնում է պարզ, առայժմ գոնե անհրաժեշտ չեն ընդունման մեծ կենտրոններ: Բայց մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանա իրադրությունը, հատկապես, եթե ռմբակոծումներն ընդլայնվեն երկրի արեւմտյան մասերում»,- ասել է Գրանդին:
Ավելի վաղ Պարենավորման համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Ուկրաինայում պարենային օգնության կարիք ունի 3 – 5 միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: