«Միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառման սահմանափակումը խթանող ծրագրերը, թե՛ ծխախոտի դեմ պայքարը». Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում աղ շատ են օգտագործում, և իրենց խնդիրն է՝ հանրությանը տեղեկացնել դրա վնասակարության մասին։
«Այո, Հայաստանում նման խնդիր կա, մեր օրական չափաբաժինը շատ է, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների և հիվանդության բեռի ավելացման։ Նախագիծը քննարկման փուլում է, մենք առաջիկայում հանդիպումներ կունենանք ռեստորանատերերի, սպառողների շահերի պաշտպանների, հանրային առողջության կազմակերպությունների հետ։ Կփորձենք նախագիծը քննարկել, ավելի լավ լուծումներ գտնել, լրացնել, մշակել ու այնուհետև ներկայացնել կառավարությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով սննդի վայրերում սեղաններին աղ չդնելու վերաբերյալ նախագծին, որը շրջանառության մեջ դնելուց հետո ակտիվ քննարկման թեմա էր դարձել:
Ըստ նախարարի՝ լրացուցիչ քննարկումների ընթացքում, հնարավոր է՝ ավելի լավ լուծումներ գտնեն, լրացնեն, մշակեն և ապա ներկայացնեն կառավարությանը։
«Մենք միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառման սահմանափակումը խթանող ծրագրերը, թե՛ ծխախոտի դեմ պայքարը։ Նորից կրկնեմ, մենք որևէ բան չենք արգելում, մենք փորձում ենք բերել վարքաբանական փոփոխություններ, և երբեմն մարդը չանդրադառնալով սովորություններին՝ չի էլ նկատում, որ օգտագործում է չափից շատ շաքար, աղ և այլն»,- շեշտեց նա։
Հարցին՝ իսկ իրենց տանն աղամանը որտե՞ղ է՝ սեղանի՞ն, թե՞ պահարանում, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Աղը պահարանում է, երբ անհրաժեշտ է լինում, հանում եմ, ճաշ պատրաստելիս օգտագործում և նորից դնում եմ պահարանը»։
Անդրադառնալով մարտի 15-ից հանրային սննդի վայրերում, բաց և փակ տարածքներում ծխելու արգելքին, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ անկախ այն հանգամանքից՝ հարսանյաց սրահ է, թե հանրային սննդի օբյեկտ, ծխելը պետք է արգելվի, և դրա վերահսկողությունը վերապահվելու է տեսչական մարմնին։
«Մենք մեր գործընկերների հետ լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք արել, որպեսզի մեր տնտեսվարողներն իրենց գործողությունները համապատասխանեցնեն օրենքին։ Պետք է ասեմ, որ այս օրենքն ընդունվել է 2020 թվականին։ Մեր տնտեսվարողները 2 տարի ժամանակ ունեցել են իրենց վարքագիծը համապատասխանեցնելու օրենքին»,- շեշտեց նախարարը։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ առաջիկայում Վարդուհի Գրիգորյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների՝ Անահիտ Ավանեսյանի ընկերուհին է, նշանակվելու է Առողջապահության փոխնախարար, Անահիտ Ավանեսյանն ասաց, թե Վարդուհի Գրիգորյանն Առողջապահության նախարարությունում աշխատում է վերջին 17 տարիների ընթացքում։
«Վարդուհի Գրիգորյանը և մեր նախարարության մնացած աշխատակիցներն իմ գործընկերներն են, ես շատ գնահատում եմ այն լավ մթնոլորտը, որը կա Առողջապահության նախարարությունում։ Մենք միասին անցանք կորոնավիրուս, պատերազմ և գիշեր ցերեկ աշխատել ենք՝ բոլորս մեկ թիմով։ Գուցե ճիշտ եք, մենք ոչ թե գործընկերներ ենք, արդեն մեկ ընտանիք ենք։ Նախարարի տեղակալի պաշտոնն այս պահին թափուր է, ես դեռ վերջնական որոշում չունեմ, ունենք թեկնածուներ, որոնց հետ նախնական քննարկման փուլում ենք, հաջորդիվ կտեսնեք, երբ կունենանք թեկնածու»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։