Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. Կարեն Անդրեասյանի միջնորդությունը ԲԴԽ-ն մերժեց

Մարտի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի քննությունը:

Հիշեցնենք, որ վարույթի հարուցման հիմքը, ըստ արդարադատության նախարարի, Վազգեն Ռշտունու՝ արձակուրդում գտնվելու ժամանակ վերջինիս վարույթում եղած գործերը վերամակագրման հանձնելն է:

Կարգապահական վարույթը հարուցելու համար առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի զեկուցագիրը` պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքերի առկայության վերաբերյալ, նախարարը համապատասխան որոշմամբ վարույթ է հարուցել, դատավորը չի օգտվել բացատրություն ներկայացնելու իր իրավունքից:

Վարույթի ողջ ընթացքում Վազգեն Ռշտունին ու նրա պաշտպանական թիմը ԲԴԽ-ում՝ Սիրանուշ Սահակյան-Ռուբեն Մելիքյան կազմով, փորձում է հասկանալ՝ ի վերջո, ժամանակավոր պաշտոնակատար վերոնշյալ պաշտոնյան ի՞նչ հիմքով, ինչո՞ւ և ի՞նչ շարժառիթներով է որոշել ստուգել Վազգեն Ռշտունու վարույթում եղած գործերը՝ դրանից բխող այլ ածանցյալ հարցերով:

«Արդյո՞ք ես կաշառակեր ու կոռուպցիոն դատավորներից եմ՝ ձեր նախարարի աչքերով, ու դրա համար է իմ նկատմամբ այս գործընթացը»,- դիմելով արդարադատության նախարարության ներկայացուցիչներին՝ ասել էր Վազգեն Ռշտունին՝ դրանով իսկ ակնարկելով, որ իր նկատմամբ կա ընդգծված թիրախավորում:

Եվ թեպետ ԲԴԽ-ն պահանջել էր ներկայացնել համապատասխան փաստաթուղթը, ոչ պաշտպանական կողմի համար, ոչ էլ ԲԴԽ անդամների համար այդպես էլ պարզ չեղավ, թե ի վերջո, որն էր խնդրո առարկա ուսումնասիրության շարժառիթը:

Ինչևէ, ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ քիչ առաջ հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ արդարադատության նախարարի միջնորդությունը Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժվեց:

ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանն ու Դավւթ Խաչատուրյանը հատուկ կարծիք են ներկայացրել որոշման վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս