
«Շատ դեպքերում հարազատները պատրաստ չեն վերցնել մասունքները և հուղարկավորել». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է՝ Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված տղաների մասունքները մի քանի երկրում նույնականացվել են, արդյունքում՝ զինվորների տվյալները հաստատվել են։
«Շատ դեպքերում հարազատները պատրաստ չեն վերցնելու մասունքները և հուղարկավորելու։
Մինչև այս պահը Հոլանդիա, Վրաստան, Մոսկվա, Գերմանիա և մի շարք այլ երկրներում իրականացվել է նույնականացում, դրանք 100 տոկոսով համապատասխանել են ՀՀ-ում տված արդյունքներին։ Որևէ դեպք չի եղել, որ տվյալները չհամապատասխանեն։ Ես չեմ կարող մասունքների թիվ նշել, որովհետև ես դրա լիազորը չեմ, պետք է խնդրեմ՝ ճշտեք քննչական մարմիններից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի՝ կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի գործընթացն անցելու և ի վերջո մասունքները հուղարկավորելու որոշումը կայացնելու։
«Մյուս կողմից էլ՝ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ մենք պետք է այդ հարցին անդրադառնանք և մասունքները հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանոցում»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։