Մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով գումարտակի հրամանատարի տեղակալը կմնա կալանքի տակ. գործը կքննվի Սյունիքում
Պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով մեղադրյալ Իշխան Վահանյանը կշարունակի մնալ կալանավորված։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, դատաքննության նախապատրաստման փուլում քննել է ամբաստանյալի խափանման միջոցի հարցը և որոշում է կայացրել՝ Իշխան Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին։
Նշենք, որ թեև Վահանյանի նկատմամբ նախաքննության ընթացքում ի սկզբանե որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, ինչը վերացրել էր Վերաքննիչ քրեական դատարանը։ Ավելի քան երկու ամիս նա գտնվել է ազատության մեջ,որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չէր կիրառում՝ մինչև Վճռաբեկ դատարանի որոշումը։ Վերջին ատյանը կրկին նրան կալանավորելու որոշում էր կայացրել
Քրեական գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։ Դատարանը Վահանյանի խափանման միջոցի հարցի քննությունից հետո անցել է դատաքննության փուլին։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս պահին այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։