Մենք կհաղթենք, ես դա գիտեմ. Զելենսկի

Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու է միավորվելու և յուրայիններին միշտ հիշելու ունակության շնորհիվ, ինչպես նաև այն բանի շնորհիվ, որ քաղաքացիները պաշտպանում են իրենց ունեցած ամենաթանկը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։

«Այսօր մեր կենաց-մահու, Ուկրաինայի, անկախության համար պատերազմի 18-րդ օրն է, այսօրվա սկիզբը սև էր, ռուսական հրթիռներն ու ռումբերը նորից հարվածել են մեր պետությանը»,- ասել է նա իր տեսաուղերձում։

Նա հիշեցրել է, որ ռուս զինվորականները միայն Լվովի մարզում 30 հրթիռ են արձակել։ Խաղաղության պահպանման և անվտանգության միջազգային կենտրոնի գնդակոծության հետևանքով զոհվել է 35 մարդ, ևս 134 մարդ վիրավորվել է։

Զելենսկին, դիմելով արևմտյան առաջնորդներին, հավելել է.«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»:

Ուկրաինայի նախագահը խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։

«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը կայանա: Հանդիպում, որը, համոզված եմ, մարդիկ սպասում են: Պարզ է, որ սա դժվար պատմություն է, դժվար ճանապարհ… Մեր նպատակն այն է, որ Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք այս բարդ բանակցային աշխատանքում: Դա անհրաժեշտ է մեզ համար, խաղաղության և անվտանգության համար: Որպեսզի մենք երաշխիքներ ունենանք՝ նորմալ, արդյունավետ»,- ասել է Զելենսկին։

«Ուկրաինացիներ, մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձությունը: Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք: Մենք պետք է դիմադրենք: Մենք պետք է պայքարենք: Եվ մենք կհաղթենք: Ես դա գիտեմ: Հավատացեք դրան»,- հավելել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս