
Արցախում Ադրբեջանի կողմից արձակած արկը պայթել է Փառուխ համայնքին պատկանող շինության բակում

Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, Ադրբեջանի կողմից 60 մմ տրամաչափի ականանետից արձակած արկը պայթել է համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը՝ տեղեկացնելով, որ իրավապահները շարունակում են Ադրբեջանի հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:
«Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ: