ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտնել է, որ Ուկրաինա զենք տեղափոխող խմբերը օրինական թիրախ կարող են լինել իրենց համար
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինային Արևմուտքի կողմից զենքի տրամադրումը բարդացնում է իրավիճակը, քանի որ այդ զենքերը տեղափոխող խմբերը դառնում են ՌԴ զինված ուժերի համար օրինական թիրախ: Այս մասին նա խոսել է ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում:
«Մենք նախազգուշացրել ենք ԱՄՆ-ին, որ Ուկրաինան մի շարք երկրների կողմից զենքով ապահովելու գործընթացը, որը ղեկավարվում է նրանց կողմից, ոչ թե պարզապես վտանգավոր քայլ է, այլ մի գործողություն, որը համապատասխան խմբերը վերածում է օրինական թիրախների»,- ասել է փոխնախարարը:
Նա տեղեկացրել է, որ ուկրաինական հարցի շուրջ Մոսկվան ու Վաշինգտոնը բանակցություններ կամ խորհրդատվություններ չեն անցկացնում:
Անդրադառնալով երրորդ համաշխարհայինի սկսվելու վտանգի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը՝ Ռյաբկովը նշել է. «Դա փորձ է նյարդերի վրա խաղալու, սեփական օրակարգը միջազգային հանրությանը փաթաթելու: Մեզ համար ակնհայտ են այդ քայլի ապակառուցողական նպատակները»: