«Սադրանքներն ուղղված են արցախահայությանն ահաբեկելուն, բայց ժողովուրդը որևէ տեղ չի գնում, մենք մեր հողում ենք». Խնապատի գյուղապետ
Մարտի 11-ին ադրբեջանական զինված ուժերը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ են արձակել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Այս մասին տեղեկացրել էր Արցախի ոստիկանությունը։
168.am–ի հետ զրույցում Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանն ասաց, որ գիշերը համեմատաբար իրավիճակը հանգիստ է եղել։
«Վերջին կրակոցները եղել են ժամը 21։00-ի կողմերը, դրանից հետո լուռ են։ Հիմա բնակիչներն ամեն մեկն իր գործին է։ Պատերազմից հետո թշնամին առաջին անգամ է ակտիվացել Խնապատի ուղղությամբ, նախկինում լուռ էր։ Տարբեր ուղղություններով կրակել է, բայց մեր ուղղությամբ առաջին անգամ էր»,- նշեց Սամվել Շարմանյանը։
Ըստ գյուղապետի՝ թշնամու կողմից օգտագործած ականները հիմնականում ընկել են գյուղացիների վարելահողերի մեջ, փառք Աստծո, մարդկային կորուստներ չկան։
«Գյուղացիներն իրենց գյուղատնտեսական աշխատանքները դեռևս չեն սկսել։ Այս ամբողջ սադրանքներն ուղղված են արցախահայությանն ահաբեկելուն։ Այս ահաբեկչությամբ Ադրբեջանն ուզում է մեր ժողովրդին հրահրի, որ ժողովուրդը պրովակացիայի ենթարկվի ու գյուղերը լքի։ Բայց ժողովուրդը որևէ տեղ էլ չի գնում, մենք մեր հողում ենք ու որևէ տեղ գնալու մտադրություն չունենք»,- եզրափակեց Սամվել Շարմանյանը։