
Ադրբեջանի սանձարձակության հետևանքով Արցախի բնակչությունը 5 օր է զրկված է գազամատակարարումից. Արտակ Բեգլարյան

Արցախում արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80 տոկոսը և գազաֆիկացված բնակչության 100 տոկոսը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է:
«Արցախում ձյուն է տեղում՝ իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է: Բնակչության մեծ մասը զրկված է գազամատակարարումից և այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,-նշել է Արցախի պետական նախարարը:
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ դրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև ադրբեջանական կողմը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների կատարումը:
«Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»,-նշել է Արտակ Բեգլարյանը: