
Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին:
Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում «Դաշնակցություն» կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։