Սեփականության վերաբաշխում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման անվան տակ
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում կատարվում է շուրջ 300 պաշտոնատար անձի վերաբերյալ ուսումնասիրություն, որոնցից 11-ի մասով ուսումնասիրությունն ավարտվել է, 3 հայցադիմում ուղարկվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2020թ․ ապրիլին ընդունված օրենքով, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում են ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանը, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և այլ նախկին պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը: