Բաժիններ՝

Բորելը հայտարարել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն խոստանալը սխալ է եղել

Արեւմուտքը սխալ է թույլ տվել՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն խոստանալով, կարծում է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Այդ մասին նա հայտարարել է LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կան հանգամանքներ, որոնցում մենք կկարողանայինք գործել ավելի լավ: Օրինակ՝ մենք առաջարկեցինք այն, ինչը չէինք կարող երաշխավորել, մասնավորապես Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. դա այնպես էլ չի իրականացվել: Ես կարծում եմ, որ սխալ էր խոստումներ տալը, որոնք մենք չկարողացանք կատարել»,-ասել է նա: Բացի դրանից, եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ Արեւմուտքը սխալներ է թույլ տվել, երբ կառուցել է հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Այդ կերպ մենք կորցրել ենք Արեւմուտքի հետ Ռուսաստանի մերձեցման հնարավորությունները՝ նրան զսպելու համար»,- ասել է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Ավելի ուշ նա հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը Մոսկվայի հանգուցային պահանջներից մեկն է: Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, այն կրիտիկակական նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ դա «այն նվազագույն տարածքային արգելքն է», որը երկրին անհրաժեշտ է Արեւմուտքի գրոհների դիմագրավման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս