
Հայանիստի աշակերտները սեպտեմբերից հարակից գյուղերի դպրոցնե՞րն են հաճախելու

2021թ. ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային:
Համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կազմվել են արձանագրություններ և ուղարկվել մարզպետարան։
Դպրոցն ունի երեք մասնաշենք, երեքն էլ ամբողջությամբ հին են: Ոչ միայն առաստաղը, այլև հատակն է խնդիր:
Դպրոցի նախկին տնօրեն Արմինե Ավետիսյանի խոսքով՝ եթե երեխան փորձի մի քիչ ուժեղ թռվռալ՝ անմիջապես կհայտնվի փոսում:
«Նոր դպրոց պետք է կառուցենք. հինը քանդելու ենք, նոր, ժամանակակից 21-րդ դարի դպրոց ենք կառուցելու հիմքից: Երևի մայիս ամսից աշխատանքները կսկսվեն: Առաջիկայում ժողով է լինելու, և որպես հանձնաժողովի անդամ՝ երևի ինձ էլ են ընդգրկելու: Դպրոցի տնօրենն է զանգել, ասել: Իսկ մինչ այդ՝ դասերը երկու հերթով են անցկացվում, իսկ երբ շենքը քանդվի՝ երևի երեխաները կողքի գյուղերի դպրոցները կգնան»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը:
Հավելենք, որ համաձայն համայնքապետարանի ներկայացրած արձանագրության՝ հանձնաժողովը գնահատել է արտակարգ իրավիճակների հետևանքով Հայանիստ համայնքի դպրոցին պատճառված վնասը, մասնավորապես՝ տանիքի փայտյա մասի, ալիքավոր թիթեղի, ջրհորդանների, ինչի հետևանքով դասապրոցեսները դարձել են անհնար: Գրեթե նույն վնասը կրել է նաև բուժամբուլատորիան։ Գնահատվել են նաև արտակարգ իրավիճակների հետևանքով Հայանիստ համայնքի բնակիչների կրած վնասները։