«Իրավիճակն առայժմ հանգիստ է, թշնամին իր սպառնալիքները դադարեցրել է». Թաղավարդի գյուղապետ

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Արցախի Հանրապետության Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:

Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

168.am-ի հետ զրույցում Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն ասաց, որ առավոտյան թշնամին սպառնալիքներ է հնչեցրել, որպեսզի բնակիչները լքեն գյուղը։

«Իրավիճակն առայժմ հանգիստ է, թշնամին իր սպառնալիքները դադարեցրել է։ Կրակոցներ չեն հնչել, միայն բարձրախոսով բնակչությանն ասում էին, որ լքեն գյուղը։ Հիմա դադարեցրել են»,- նշեց Թաղավարդի գյուղապետը։

Այլ մանրամասները գյուղապետը չհայտնեց։

Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը բաժանվել է երկու մասի, գյուղի մի հատվածը մնացել է Ադրբեջանի զինվորների հսկողության տակ, մյուս հատվածը՝ հայկական։ Գյուղի գերեզմանոցը մնացել է այն հատվածում, որի վերահսկողությունն անցել է ադրբեջանցիներին։

Տեսանյութեր

Լրահոս