«Մի կարևոր տարբերություն կա 2009-ի և այսօրվա միջև». Արմեն Ռուստամյան
ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 168.am-ի հարցադրումներին, թե այս անվտանգային խնդիրների պարագայում բավարա՞ր է միայն օրենսդրական հարթակում պայքարը, և թե ինչո՞ւ ՀՅԴ-ն հայ-թուրքական նոր օրակարգի վերաբերյալ այնպիսի ակտիվություն չի ցուցաբերում, ինչպես 2009 թվականին, արձագանքեց.
«Այստեղ մի կարևոր տարբերություն կա 2009-ի և այսօրվա միջև. այս իշխանություններն ընդհանրապես ամեն ինչ անում են ժողովրդի թիկունքում: Առարկան, որի շուրջ այսօր խոսակցություն է գնում, ոչ մեկին հայտնի չէ. ինչի՞ շուրջ ենք, օրինակ, բանակցում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով, որո՞նք են մեր «կարմիր գծերը», ի՞նչ հայեցակարգով ենք մենք այդ բանակցությունների մեջ մտել, որևէ բան հայտնի չէ: Սա այս իշխանությունների գործելաոճն է. նրանք թաքուն են պահում՝ վերջին պահին քեզ կանգնեցնում փաստի առաջ»:
Նրա համոզմամբ՝ այսօր խաղաղասիրական հայտարարություններով թմրեցնում են մեր ժողովրդի գիտակցությունը, իսկ դրանից հետո, հնարավոր է՝ կանգնենք փաստաթղթի ստորագրման առաջ:
«Նախկինները նախաստորագրել էին, ստորագրել էին. փաստաթուղթ կար, որի շուրջ կարող էինք առարկայական խոսակցություն տանել, և մեր «ոչ»-ի շարժումն առարկայական բնույթ ուներ։ Այսօր, ճիշտ է, միայն օրենսդրական գործունեությամբ սրա դեմն առնել հնարավոր չէ. խորհրդարանն անհրաժեշտ հարթակ է, բայց ոչ բավարար։ Հենց դրա համար էլ հրապարակ ենք բերել դիմադրության ձևավորման գաղափարը։ Սա միայն խորհրդարանով չպետք է տեղի ունենա, բայց խորհրդարանը պետք է գաղափարը ներկայացնի, դա պետք է ընկալվի ժողովրդի կողմից: Ժողովուրդն այս վտանգը դեռ չի զգում: Ես վստահ եմ՝ ժողովուրդը հենց զգաց գոյութենական վտանգը, փողոցը կլցվի»,- հավելեց Արմեն Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում