20 րոպեանոց անձայն տեսանյութով փորձում էին ապացուցել, որ «բ…ի տղա Նիկոլ» վանկարկումը Նարեկ Մանթաշյանն արել է կես ժամ շարունակ. Ալեքսանդր Կոչուբաև

Նարեկ Մանթաշյանին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, բայց Քրեակատարողական ծառայությունն (ՔԿԾ) ամեն ինչ արեց, որ նա հրաժարվի քաղաքացիական հիվանդանոցում բուժվելուց: 8 հոգով հիվանդի կարգավիճակում գտնվող անձին հսկելը մեծ հոգեբանական ճնշում է ենթադրում, ու Նարեկ Մանթաշյանը գերադասեց վերադառնալ քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ): Այս մասին 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնտրա Լեգեմ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Պաշտպանի խոսքով՝ իրենք Նարեկ Մանթաշյանի հետ հեռախոսակապ չունեն, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) արել է անհնարինը. արգելափակել է փաստաբանի հետ շփումը, և Նարեկ Մանթաշյանին հնարավորություն չեն տալիս անգամ իր պաշտպանի հետ տեսակցել, և եթե պատահաբար չայցելեն նրան, ոչնչից տեղյակ չեն լինի:

«Նախկինում Վերաքննիչ քրեական դատարանում մոտ 20 օր մեզ կերակրում էին ստերով, որ Առաջին ատյանը չի ուղարկել նյութերը, որ մակագրենք, և ևս արդեն 10 օր է՝ ասում են՝ գործը մակագրված է, Ձեզ հետ կկապվեն»,- Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Մանթաշյանի կալանքի հարցով նիստ չնշանակելուն անդրադարձավ Ալեքսանդր Կոչուբաևը:

Անդրադառնալով Նարեկ Մանթաշյանին առաջադրված մեղադրանքի էությանը և երեկ տեղի ունեցած դատական նիստին, պաշտպանն ասաց, որ երեկվա նիստին դատախազությունը դատարան էր ներկայացրել մի անձայն տեսանյութ ու փորձում էր հիմնավորել, որ Նարեկ Մանթաշյանն արտաբերել է «բոզի տղա Նիկոլ» արտահայտությունը:

«Թող ինձ ներեն հեռուստադիտողները հիրավի ոչ եթերային արտահայտության համար, բայց դա արտացոլված է գործի նյութերով: Ընդ որում, 20 րոպեանոց անձայն տեսանյութով փորձում էին ապացուցել, որ այդ վանկարկումը նա արել է կես ժամ շարունակ»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Վերջինս նշեց՝ այն տեսանյութերում, որոնք ձայն ունեն, ու որոնցում Մանթաշյանը երևում է, նա փորձում է կանխել ոստիկանության ու քաղաքացիների միջև միջադեպերը:

«Բայց քանի որ պետական պատվեր էր առկա, հարուցվեց այս քրեական գործը: ԱԱԾ-ն շուրջ մեկ տարի փորձում էր կալանավորել Նարեկ Մանթաշյանին, բայց քանի որ չկային կալանք տվող դատավորները, հիմնավոր կասկածի բացակայությամբ այդ միջնորդությունները մերժվում էին, և ստիպված այս գործը հարուցեցին, որ հիմնավորեն՝ Նարեկ Մանթաշյանը, գտնվելով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք: Ու կալանք տվող դատավորն էլ մեկ հաստիքային վկա ոստիկանի ցուցմունքի հիման վրա արդեն կալանավորեց նրան: Որևէ այլ ապացույց չկա՝ մեկ անձայն տեսանյութ, և մեկ ոստիկան, ով իբր լսել է, թե ինչպես է Մանթաշյանը դա ասում»,- ասաց պաշտպանը՝ շեշտելով, որ այս մեղադրանքը «կարելու» նպատակը ցույց տալն էր, որ Նարեկ Մանթաշյանը կատարել է նոր հանցագործություն:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին գրառման մեջ «քոռ խոզ» անվանելու համար հարուցված քրեական գործին ու դրա հեղինակ, իր վստահորդ Արմեն Ասատրյանին առաջադրվելիք հնարավոր մեղադրանքին, Ալեքսանդր Կոչուբաևն ասաց՝ մինչ իր երեկվա հրապարակումը Արմեն Ասատրյանի այդ գրառումը 25-30 հավանում է ունեցել, և անգամ մամուլը չի տարածել, քանի որ այդ անձն ընդգծված հանրային գործունեություն չի ծավալում:

«Մեզ համար նաև անհասկանալի էր, թե ինչպես է այդ գրառումը հայտնվել ոստիկանությունում, և մեզ ընդամենը այնտեղ տեղեկացրել են, որ իրենք Վահագն Ալեքսանյանին հարցրել են՝ արդյո՞ք «քոռ խոզ» արտահայտությունն իրեն վերագրել է ու վիրավորվում է դրանից, ինչին երկու դեպքում էլ Ալեքսանյանը դրական պատասխան է տվել»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Ըստ նրա՝ հարուցվել է քրեական գործ, և հիմա նախաքննությունը պետք է պարզի՝ արդյո՞ք Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելը համընկնում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին, ազատ խո՞սք է, թե՞ գնահատական: Եվ առհասարակ նախաքննության ընթացքում մենք պետք է լուծենք «քոռ խոզի» իրավական գնահատականի հարցը»,- ասաց պաշտպանը:

Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ իր հետ կապ է հաստատել այդ գործով քննիչը, և հավանաբար՝ Արմեն Ասատրյանին մեղադրանք կառաջադրվի:

«Ինձ համար անհասկանալի է սեփական խայտառակությունը հրապարակային դարձնելու իշխանականների մոլուցքը: Սա հնչեղություն չէր ունենա, իրենք գործնականում արեցին ամեն ինչ, որ հարցը հնչեղություն ունենա: Չգիտեմ, գուցե խնդիր էր դրված «քոռ խոզի» օրակարգ ձևավորել, կամ այդ որակները վերագրել ինչ-որ անձի: Եթե հարուցվեց քրեական գործ, ես պահանջելու եմ առերեսում՝ հասկանալու համար՝ ինչու է Վահագն Ալեքսանյանն իրեն համարել «քոռ խոզ»»,- ասաց պաշտպանը:

Վերջինս հիշեց նաև, որ Նարեկ Մանթաշյանին նույնպես ոստիկանություն էին հրավիրել, օրինակ, Արփի Դավոյանին «անլվա» անվանելու համար, սակայն, թերևս, այդպես էլ չեն կարողացել պարզել՝ «անլվան» առհասարակ կարծի՞ք է, վիրավորա՞նք, գնահատակա՞ն, թե՞ իրողություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս