Հարցեր, որոնց պետք է պատասխանի Անդրանիկ Քոչարյանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մարտի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ադրբեջանական սադրանքների վերաբերյալ հարցին ի պատասխան, մասնավորապես, Երասխի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմը զոհ և վիրավոր ունեցավ, նշել է, որ նախկինում էլ էին նման դեպքեր լինում, ապա հավելել է.

«Ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի, և մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ նրանից՝ մե՞նք ունենք մեր մեղքի բաժինը, թե՞ հակառակորդը»:

Նախևառաջ, այս համատեքստում Անդրանիկ Քոչարյանին հարկ է հիշեցնել, որ եթե այդքան շատ են ցանկանում իմանալ, թե որ կողմն է խախտում հրադադարը, ապա իշխանության գալուց հետո չպետք է փոխեին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը և դրանից դուրս մղեին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված դիվանագիտական հաղթանակն էր:

Այսինքն, նախ՝ Վիեննայում, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգում բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունները։

Սրա փոխարեն՝ Փաշինյանի իշխանությունը սկսեց ակտիվորեն շրջանառել Դուշանբեի պայմանավորվածությունները, երկու կողմերի միջև ուղիղ կապի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մշուշոտ գաղափարները՝ դրանով նպաստավոր պայմաններ և հիմքեր ստեղծելով ադրբեջանական սադրանքների և Ադրբեջանի իշխանությունների արդարացումների համար, թե իրենք չէ, որ բանակցային օրակարգից դուրս են մղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ:

Երկրորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ակնարկել էր, որ հուլիսյան մարտերը հրահրել է հայկական կողմը՝ Փաշինյանի իշխանությունը:

«Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ՝ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու»,- 5TV-ին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում խոսեց հուլիսյան պատերազմի «հրահրիչ» ազդեցության մասին, իհարկե, այլ համատեքստում:

«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը՝ հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ, Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք»:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը նախ տավուշյան դեպքերում մեղավորների հետ կապված հարցերի պիտի պատասխանի:

Մյուս կողմից՝ Փաշինյանն այստեղ ևս կգտնի արդարացում և չի խուսափի մեղադրել բանակի ղեկավարությանը, թե իր ընկալմամբ՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել էին:

Հիշեցնենք, որ 2020-ի հուլիսի 13-ին Կառավարության նիստում այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել էր, որ՝ «մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը»:

«Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորն իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա: Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը՝ կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով»,- շարունակել էր Տոնոյանը:

Ինչից հետո Փաշինյանը միանգամից եզրակացրել էր.

«Այսինքն՝ տպավորություն ստացվեց, որ, հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և հետո, չգիտես՝ ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, և հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունը սկսել»:

«Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- արձագանքել էր Դավիթ Տոնոյանը:

Անդրանիկ Քոչարյանը գուցե նաև այս համատեքստում պարզաբանի հուլիսյան մարտերի հետ կապված հակասական ընկալումները, որից հետո միանգամից 71 հոգու «Մարտական խաչ» տվեցին:

Չի բացառվում, որ հուլիսյան մարտերում նաև «սադրանք» կար ընդդեմ Գրիգորի Խաչատուրովի: Այն է՝ հրահրել Ադրբեջանին, Թուրքիային, որ գործողությունների գնան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Խաչատուրովի «նյարդերի ամրությունը» ստուգի:

Երրորդ, Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին 2020-ի պատերազմի օրերին Գյանջայում և Բարդայում խաղաղ բնակչությանը թիրախավորելու և մի քանի տասնյակ խաղաղ քաղաքացի «սպանելու» մեջ: Այս հարցով Ադրբեջանը դիմել է միջազգային դատական ատյաններին: Եվ Հայաստանը կարող է շատ թանկ վճարել: Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուսներն այս դեպքերի մասով ևս պիտի պարզաբանումներ ներկայացնեն:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց:

Նույն օրն Արցախի նախագահը հայտարարել էր․ «Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված»:

 Այս հայտարարությունների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ, և հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնում.

«Երեկ Արցախում էի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»։

Այս մասին նույն օրը քիչ ուշ հաղորդագրություն տեղադրվեց նաև Կառավարության պաշտոնական էջում: 

Ի դեպ, հրապարակված կադրերում երևում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ ժամանակ Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, նույն ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, գնդապետ Արգիշտի Քյարամյանը, Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, ՀՀ ԱԳ ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 5-6-ին, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը ներկա էր Նիկոլ Փաշինյանի արցախյան խորհրդակցությանը, մշակել է «Քյանդ-Հորադիզ» օպերացիան: Եվ Փաշինյանի թիմը պետք է պատասխանի՝ իրենց առաջնորդի ասած հակաահաբեկչական գործողությունը վերաբերում էր Բաբայանի օպերացիայի՞ն, թե՞ Գյանջային:

Նշենք, որ միայն հոկտեմբերի 17-ին ՊԲ-ն հրապարակեց Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը:

Արդյո՞ք խոցվել է այդ նշանակետերից գոնե մեկը, եթե այո, ապա դրանք պետք է հրապարակայնացվեն, հատկապես, երբ միջազգային հանրության մոտ արդեն արմատացել է ադրբեջանական կողմի տեսակետը Գյանջայի մասով:

Վերադառնալով Երասխի դեպքին, որի մեղավորին Անդրանիկ Քոչարյանը դեռ չի գտել, հավելենք, որ ՔԿ-ն հայտարարել է, որ Երասխի ուղղությամբ պայմանագրային Հրաչ Մանասարյանը մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս:

Բնականաբար, ինժեներական աշխատանքները մեր երկրի տարածքում են եղել, և այստեղ միակ սադրիչը Ադրբեջանն է, որի հետ Փաշինյանը և Անդրանիկ Քոչարյանը երազում են խաղաղության պայմանագիր կնքել:

Ի դեպ, 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ օրեր անց մեր իսկ տարածքում 6 զինծառայողներ գերեվարվեցին, նրանցից ոչ բոլորը վերադարձվեցին:

Օրերս նրանցից երկուսին՝ Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին, դատապարտեցին 19 և 18 տարվա ազատազրկման:

Երևի Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը գտնում են, որ մեր զինծառայողներն են մեղավոր, թեպետ գտնվել են ՀՀ տարածքում և սահման չեն հատել:

Տեսանյութեր

Լրահոս