Թուրքիայում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ ունեցած եռակողմ հանդիպումից: Այս մասին hայտնում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը:
«Եթե պատերազմը շարունակվի, ամենաշատը կտուժեն անմեղ երեխաները։ Ամեն օր արյունահեղության ու վշտի մասշտաբները մեծանում են։ Մարդիկ, ովքեր մնում են պատերազմական գոտիներում, պետք է փրկվեն»,- ասել է Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ քանի դեռ երկարաժամկետ զինադադար չի հաստատվել, կարևոր է պահպանել մարդասիրական զինադադարը։
Չավուշօղլուի խոսքով՝ կարևոր է նաև խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքների բացումը։ «Եթե տեղում զինվորականները չհետևեն պայմանավորվածություններին, ապա տարհանված խաղաղ բնակիչները կկանգնեն անվտանգության իրական սպառնալիքի առաջ»,- ասել է թուրք նախարարը։
«Անթալիայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան ընդգծել է Ուկրաինայում հումանիտար միջանցքների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը»,- ասել է նա՝ Անթալիայում եռակողմ հանդիպումը անվանելով «կարևոր սկիզբ»։
«Չնայած բոլոր դժվարություններին, Անթալիայում Ուկրաինայի վերաբերյալ քննարկումներն անցկացվել են բարեվարքության շրջանակներում»,- հավելել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն ասել է, որ Լավրովի և Կուլեբայի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման թեման։