Այս իշխանությունը մեր ժողովրդի պառակտումը համահայկական առումով տարածելու միտում ունի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

«Հանձնակատարի՝ Ֆրանսիա վերջին այցելության ձախողումը հստակ արդյունքն էր իր այդ նախաձեռնություններին, որով փորձում էր շրջանցել երկար տարիների վրա հիմնված Հայկական կազմակերպությունների համաֆրանսիական համախոհությունը»,- այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի բարձրաձայնած մտահոգություններին, թե «ինչու է Գերագույն հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանը գալիս Ֆրանսիա, փորձում ուժ տալ ուրիշ կազմակերպության, փորձում տկարացնել ավանդական կազմակերպությունները, որոնք դաշտում հաջողություններ են արձանագրել»:

Սփյուռքահայ գործչի կարծիքով՝ օրվա իշխանությունները Սինանյանի ձեռամբ փորձում են աշխուժացնել Սփյուռքում գործող փոքրիկ խմբերը՝ նպատակ ունենալով պառակտել Սփյուռքը:

«Այն, ինչ փորձում են անել Հայաստանի մեջ՝ բաժանարար գծեր, սև ու սպիտակի խնդիրներ առաջացնել, հիմա փորձում են անել նաև Սփյուռքում, որովհետև այս իշխանություններն իսկապես լավ մասնագետ են քանդումի. կառուցման պարագայում է, որ դժվարություն ունեն:

Եվ ոչ միայն Ֆրանսիայի մեջ. Մոսկվայի մեջ մեծխոսիկ արտահայտություններով է հանդես եկել հանձնակատարը, և գաղութն իրեն շատ վատ ընդունելություն է տվել, նույնը պատահել է ԱՄՆ պարագայում, ուր փորձում էր տեսնել, թե որտեղ կան դժգոհներին համախմբելու և գաղութի կառույցների դեմ հանելու հնարավորություններ:

Իրենց ընդհանուր պայքարը Հայ Առաքելական եկեղեցու ուղղությամբ է, որոնք, գիտենք, որ Սփյուռքի պարագայում զուտ կրոնական հաստատություններ չեն, և հայկական դիմագծի պաշտպանության դերն են վերցրել:

Այս ամբողջը ապացուցում է անխոհեմ քաղաքականությունը՝ այս իշխանությունը մեր ժողովրդի պառակտումը համահայկական առումով տարածելու միտում ունի, և սա շատ ցավալի է, մանավանդ այս հանգրվանում, երբ համահայկական միասնությունն անհրաժեշտ է ջրի ու հացի նման»,- եզրափակեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Տեսանյութեր

Լրահոս