«Ամենավատ վիճակը Մարիոպոլում է, Խարկովում, հետո՝ Կիևում, այդ քաղաքներում շարունակվում են ծանր մարտերը, բախումները, ռմբակոծությունները». Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ

«Իրավիճակը կայուն է, սակայն տարբեր մարզերում ու քաղաքներում այդ կայունությունը տարբեր է։ Այսօրվա դրությամբ ամենավատ վիճակը Մարիոպոլում է, այնուհետև՝ Խարկովում, հետո՝ Կիևում։ Այդ քաղաքներում շարունակվում են ծանր մարտերը, բախումները, ռմբակոծությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը՝ անդադառնալով Ուկրաինայի և հայ համայնքի ընդհանուր վիճակին։

Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ 10 օրից ավելի օկուպացված քաղաքներում իրավիճակը բարդ է՝ սննդամթերքի, դեղորայքի հետ կապված խնդիրներ կան, այդ քաղաքների շարքում են Չեռնիգովը, Խերսոնը, Սումին։

«Սումիում ժամ առ ժամ կարող են բախումներ տեղի ունենալ, քանի որ քաղաքում երևի մնացել են Ուկրաինայի բանակի փոքր հատվածներ, որոնք փորձում են դեռ դիմադրել։ Իրավիճակը ծանր է։ Կազմակերպված տարհանում իրականացնել չի ստացվում, այսպես ասած՝ հայտարարված «միջանցքները» չեն գործում, քանի որ պայմանավորվածությունը հայտարարվում է մեկ ձև, իրականում գործում բոլորովին այլ ձև։ Ունենք դեպք, երբ մեր հայ երիտասարդներից չեն կարողացել նստել ավտոբուս ու հեռանալ քաղաքից, քանի որ ավտոբուսները նախատեսված են եղել միայն ծերերի, հղիների և արտերկրի ուսանողներին տարհանելու համար։ Այսինքն՝ այնպես է ստացվել, որ խաղաղ բնակիչների մի հատվածը չի կարողացել տարհանվել, խոսքը միայն հայերի մասին չէ։

Ի դեպ, այդ ավտոբուսների հետ սովորական մեքենաները չեն կարողացել կալոննայով դուրս գալ քաղաքից։  Այս դեպքերից 3 օր առաջ Սումի քաղաքից 3 հայ ընտանիք կարողացել է իր միջոցներով քաղաքից դուրս գալ, այս պահին չգիտեմ՝ ինչ ապահով ճանապարհով են դուրս եկել, բայց կարողացել են ապահով հասնել Մոլդովա»,- նշեց Դավիթ Մկրտչյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Խարկովից դեպի Ուկրաինա ճանապարհ դեռ չի եղել, 2 անգամ նման պայմանավորվածություն է եղել, սակայն երկուսի դեպքում էլ ռուսական կողմը ճանապարհ է տրամադրել դեպի Բելգորոդ քաղաք, սակայն դրանից որևէ մեկը չի օգտվել։

«Չեռնիգովից նույնպես տարհանել են ծերերին, հղիներին և արտասահմանցի ուսանողներին։ Խերսոն քաղաքից դեպի Ուկրաինայի տարածք չեն թողել, միջանցքը բաց է եղել դեպի Ղրիմ։ Ես չգիտեմ՝ դրանից ով է օգտվել, սակայն գիտեմ, որ հայերից որևէ մեկը չի օգտվել։

Մենք այս պահին տվյալներ չունենք, թե հայ համայնքից քանի ընտանիք կամ քանի հոգի է լքել Ուկրաինայի տարածքը, հնարավոր է, որ նման տվյալներ չկարողանանք ունենալ, մինչև այս ամենը մի քիչ չկարգավորվի։ Մենք բազմիցս դիմել ենք սահմանապահ մարմիններին՝ խնդրելով, որպեսզի բազայից անջատեն ազգությամբ հայերին, որպեսզի մենք հոսքը հասկանանք, պատասխանել են, որ հիմա դա անհնարին է։ Ասում են՝ հոսքը շատ մեծ է, խոսքը հարյուր-հազարավոր մարդու մասին է, հետևաբար՝ հայերին չեն կարող անջատել»,- հավելեց Դ. Մկրտչյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ավոտբուսները կարողացել են մտնել Մարիոպոլ քաղաք՝ դեղորայքներով ու սննդով, դրանք դատարկել են մեկ կետում, սակայն նախապես հայտարարված հաջորդ կետերում ավտոբուսները չեն հասել։

«Քաղաքում հիմա նման աշխատանքներն իրականացնում են կամավորական կազմակերպությունները, տեղի բնակիչներն արդեն գիտեն՝ ում և ինչպես դիմեն։ Այժմ Կիևում, բացի կենտրոնից, անվտանգ տեղ չկա, դա էլ հարաբերական անվտանգություն է։

Հայ խաղաղ բնակչության շրջանում նախորդ շաբաթ ունեցանք մեկ հաստատված զոհ՝ Վահե Սողոմոնյանը։ Այս պահին, փառք Աստծո, հաստատված ո՛չ վիրավորի, ո՛չ զոհի տվյալներ չունենք»,- եզրափակեց Դավիթ Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս