«Որևէ մեկի ձեռքը չենք բռնել, ավելին՝ պատրաստ ենք աջակցել Փաշինյանի դեմ պայքարող ցանկացած իրական ուժի». Խամոյան
Մարտի 9-ին՝ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։
Հակառակորդի կրակոցից վիրավորվել է քաղաքացիական անձ։
Այսօր՝ մարտի 10-ին, անդրադառնալով ադրբեջանական այս ագրեսիային, Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ասաց.
«Այս պահին, սակայն, ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ, ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով ադրբեջանական ագրեսիայի և դրա վերաբերյալ Փաշինյանի արձագանքի կամ դրա բացակայության մասին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ընդգծեց.
«Փաշինյանը հայտարարեց, որ չի ցանկանում գնահատականներ տալ Ադրբեջանի գործողություններին, որ իրավիճակն ավելի չսրի։ Փաստորեն, իրենց անմեղսունակ քաղաքականությունը շարունակում են իրականացնել՝ անգամ այն դեպքում, երբ Ռուսաստանի գործերը խառն են ուկրաինական ճակատում, և դրանից օգտվելով՝ Ադրբեջանը փորձում է որոշակի խնդիրներ լուծել Արցախում և լուծում է։
Արցախում Ադրբեջանը խնդիրներ է լուծում, որովհետև չի հանդիպում ոչ Փաշինյանի, ոչ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դիմադրությանը»,- ասաց Խամոյանը։
Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարների լռությունն իրենց հռչակած խաղաղության դարաշրջանի բացման համատեքստում է։
«Երեք օր է՝ Արցախում մարդիկ սարսափի մեջ են ապրում, երեխաներին են հանել, ադրբեջանցիները մարդկանց ահաբեկում են, իսկ այս վիճակը գալիս է փաստելու, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ ունենալ խաղաղության դարաշրջան։
Նրանք շարունակում են ամեն օր ասել, որ ոչնչի առաջ չեն կանգնելու արցախցիներին սպանելու համար, բայց ՀՀ իշխանությունն ամեն օր խոսում է խաղաղության դարաշրջանի բացման մասին»,- ասաց Խամոյանը։
Պատգամավորը չբացառեց, որ ադրբեջանական իշխանությունների ագրեսիվ ու հակահայ քայլերը չդատապարտող ՀՀ իշխանության քայլերն ինչ-որ տեղ ուղղված են նաև ռուս խաղաղապահների դեմ։
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, իսկ ՄԱԿ-ում ՀՀ իշխանությունը ձեռնպահ է քվեարկում Ուկրաինայի հարցով։ Դա անում է այն ժամանակ, երբ Արցախը փաստացի պահում են ռուս խաղաղապահները։ Չեզոքություն է պահում իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, որն ապահովում է արցախահայերի անվտանգությունը. չէ՞ որ, եթե ռուս խաղաղապահները չլինեն, Արցախն ամբողջությամբ դատարկվելու է։ Ուստի կարող է կասկած առաջանալ, որ ՀՀ իշխանության սրտով է, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, որովհետև Փաշինյանին բացարձակապես հետաքրքիր չէ Արցախը, նրան չի հետաքրքրում՝ ռուս խաղաղապահն Արցախից դո՞ւրս կգա, թե՞ կմնա. ըստ օդում կախված լուրերի՝ փակ հանդիպումներից մեկի ժամանակ էլ ասել է՝ Արցախը ռուսների տիրապետության տակ է, թող իրենք էլ հարցերը լուծեն»,- ասաց Խամոյանը։
Ստեղծված իրավիճակում խոսելով ընդդիմության անելիքների, մասնավորապես՝ խոստացած իշխանափոխության, դրան միտված պայքարի արդունավետության մասին, Խամոյանը նշեց, թեև ինքն ընդունում է ընդդիմության մարտավարության ու գործունեության վերաբերյալ քննադատությունները, սակայն փաստում է մեկ բան.
«Որևէ մեկի ձեռքը չենք բռնել, ավելին՝ պատրաստ ենք աջակցել Փաշինյանի դեմ պայքարող ցանկացած իրական ուժի»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում