«Թշնամին խաղաղ բնակչությանը բացահայտ տեռորի է ենթարկում, միջազգային կառույցները, աշխարհը լուռ են». Մետաքսե Հակոբյան
Այսօր 19։00-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Այս պահին Արցախը զրկված է գազամատակարարումից, թշնամին տարբեր գյուղերի ուղղությամբ կրակում է և խոչընդոտում, որպեսզի գազի խողովակաշարը նորոգեն։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ արտահերթ նիստում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լինելու է հայտարարություն, թեև այս պահին դեռևս հստակ չէ՝ նիստը սահմանափակվելու է միայն հայտարարությա՞մբ, թե՞ կլինեն նաև այլ նախաձեռնություններ։
«Ես սա քիչ եմ համարում, մտքերի փոխանակություն կլինի, այդ ժամանակ մեր կուսակցության դիրքորոշումը կհայտնեմ, որովհետև մենք այն կարգավիճակում չենք, որ սահմանափակվենք միայն հայտարարությամբ։ Պետք է կոնկրետ գործնական քայլեր կատարվեն։ Կառավարությունից որևէ ակնկալիք չունենք, այնպիսի տպավորություն է, որ կարծես թե երկրում նման կառույց գոյություն չունի»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ Արցախում գազամատարակարարումը վերականգնելու ուղղությամբ ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Այսօր ռուսական կողմի հետ բանակցություններին միացել է նաև Արցախի անվտանգության խորհուրդը։
«Այս պահին բանակցություններից որևէ նորություն չկա, սպասում ենք Անվտանգության խորհրդի հայտարարությանը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Խրամորթում և այլ գյուղերում տիրող իրավիճակին՝ Մետաքսե Հակոբյանը փոխանցեց, որ իրականում ամբողջ գիշեր տարբեր գյուղերում իրավիճակը լարված է եղել, տարբեր ուղղություններով թշնամին կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից, դրան զուգահեռ՝ միացրել է բարձրախոսը և բնակիչներին կոչ արել լքել իրենց բնակավայրերը, հակառակ դեպքում պարտադրելու են լքել։
«Թշնամին խաղաղ բնակչությանը բացահայտ տեռորի է ենթարկում։ Բնականաբար, միջազգային կառույցները, աշխարհը լուռ են։ Մենք դրան սովոր ենք, քանի որ 44-օր շարունակ այդ ամենը տեսել ենք, եթե այն ժամանակ գոնե կոչ կար, հիմա դա էլ չկա։ Այն իրավիճակն է, որ ռուս խաղաղապահները, հայ զինվորը, բնակիչները կողք կողքի կանգնած՝ փորձում են իրենց անվտանգությունն ապահովեն։ Ռուս խաղաղապահների ներկայությունը որևէ կերպ չի սաստում թշնամուն, կարելի է ասել, որ այն բոլոր տարածքներում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքները կատարված էին, ոչնչացրել են։ Թշնամին թիրախավորել է նաև գերեզմանոցները, դրանք ռմբակոծում է։ Խրամորթում բնակիչներից մեկը, ով իր տնամերձում աշխատելիս է եղել, թշնամու կրակոցների հետևանքով բեկորային վնասվածք է ստացել։ Փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կան երեխաներ ու կանայք, որ տեղափոխվել են կողքի գյուղեր, թեև այդ գյուղերում էլ ռմբակոծության ձայները լսվում են, երեխաներ են, դժվար է այդ ձայներին դիմանալ, իհարկե, խոսքը բոլորի մասին չէ։ Գյուղերի տղամարդիկ բոլորն իրենց տեղերում են»,- շեշտեց Մ. Հակոբյանը։
Անդրադառնալով տարբեր ուժերի կողմից ռուս խաղաղապահներին թիրախավորելուն և հայտարարություններին, թե ինչու ռուսական կողմն էլ չի կրակում, Մետաքսե Հակոբյանը պարզաբանեց՝ ռուս խաղաղապահները պատժելու գործառույթներ չեն իրականացնում, այսինքն՝ չի կարող ռմբակոծել ադրբեջանական դիրքերը, ռուս խաղաղապահները փորձում են խաղաղ ճանապարհով գտնել հարցի հանգուցալուծումը, որը դեռևս չկա։
Խոսելով ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած հնարքներից և իրականության հետ աղերս չունեցող հայտարություններից, թե ռուս խաղաղապահների մի մասը դուրս է եկել Արցախից, պատգամավորը նշեց, որ որևէ ռուս խաղաղապահ Արցախից դուրս չի եկել, բոլորն իրենց տեղերում են։
«Թշնամու գործողությունները ագրեսիվորեն սկսվեցին մարտի 7-ից հետո, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Սիրիայից, այնուհետև Արցախից Ռուսաստան մարդասիրական օգնություն է ուղարկվել։ Դրանից հետո տարբեր ուժեր սկսեցին հայտարարություն տարածել, թե՝ տեսեք, սա էլ ձեր Արցախը, որ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինային, մենք այդ օգնությունը Ռուսաստանին ենք ուղարկել։ Նկատի ունեմ, որ այդ տարածքներն այժմ ռուս զինվորների հսկողության տակ են, և այնտեղ կան բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ օգնությունը նրանց է ուղղված։ Ռուս զինվորներն այդ վայրերում իրականացնում են խաղաղ գործառույթներ։ Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, ավելի շուտ՝ վայնասուն բարձրացրեց, թե ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայված են Ադրբեջանի տարածքում։ Սրանից ժամեր անց մենք Ստեփանակերտում լսեցինք պայթյունը, գազատարի խողովակն էին պայթեցրել։ Ճիշտ է, պաշտոնապես դեռ չկա, որ իրենք են պայթեցրել, սակայն մենք դրանում չենք կասկածում:
Այնպես չէ, որ նոյեմբերի 9-ից հետո այստեղ խաղաղություն է հաստատվել, խաղաղություն հաստատվել է միայն Հայաստանի իշխանությունների համար»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։