«Մեր դեպքը, իհարկե, յուրահատուկ է, քանի որ բոլոր սցենարներում էլ մենք տուժելու ենք»․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մարտահրավեր է Արևմուտքի ստեղծած աշխարհակարգի, որի ստեղծմանը ԽՍՀՄ-ը մասնակցեց, բայց հետո հրաժարվեց ստորագրել փաստաթղթերը, որոնցով ստեղծվեցին Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) և ներկայի Համաշխարհային Բանկի մաս կազմող Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկը:

Նրանք այդ կառույցները անվանեցին ԱՄՆ Վոլ Սթրիթի, այսինքն բորսայի, մաս կազմող կառույցներ և հրաժարվեցին դրան միանալուց:
Այս կազմակերպությունները ստեղծվում էին այն գիտակցումով, որ երկրորդ համաշխարհային պատերազմի հիմքում տնտեսական խնդիրներն էին և եթե դրանք չլուծվեն և աշխարհը ազատ առևտուր չանի, հաջորդիվ պատերազմները անխուսափելի են:

Հիմա արևմտյան աշխարհը ռուսական կայսրության (ԽՍՀՄ) ժառանգորդ Ռուսաստանին, որ ընդունել էր ԽՍՀՄ կողմից չընդունված առևտրի և ֆինանսական կանոնները, հետզհետե դուրս է մղում համաշխարհային առևտրի մեծ դերակատարում ունեցող մասնակիցների շարքից:

Նաև սա էր պատճառը, որ ՌԴ որոշմամբ ռուսական բիզնեսները կարող են օտարերկրյա իրենց պարտքերը մարել ռուսական ռուբլով: Ի դեպ, սա վերաբերվում է այն երկրներին, որոնք սանկցիաներ են կիրառել ՌԴ դեմ: Ռուսաստանի այս քայլը դեմ է գնում է ԱՄՀ ընդունած կանոններին և եթե օրինակ Չինաստանը համաձայնվի ՌԴ հետ ռուսական ռուբլով կամ այլ նոր արժույթով առևտուր անել, ապա աշխարհը միանշանակ մտնում է մեծ հակամարտության շրջան, որի հանգուցալուծումը հավանաբար կդառնա համաշխարհային մեծ պատերազմը:

Այս տնտեսական բարդ իրադրությունը միահյուսված է քաղաքական բարդ խնդիրներով: Մասնավորապես, ոչ քաղաքական տերմինաբանությամբ ասած, Ռուսաստանը որոշել է դաս տալ նախկինում ԽՍՀՄ ազդեցության տակ գտնվող, բայց դրանից դուրս մնացած, և հիմա դրան ձգտող նորանկախ պետություններին: Ուկրաինա ներխուժումը ուժի ցուցադրության գործողություն է` ուղղված մեզ, ԽՍՀՄ նախկին կցորդներին, և արևմուտքին: Սա նշանակում է, որ Ռուսաստանը հետ չի կանգնելու Ուկրաինան գրավելու որոշումից, ինչքան էլ որ տնտեսապես ծանր պատժամիջոցների դեմ առնի:

Հրաժարում այս մտքից կնշանակի հրաժարում իր գերտերություն լինելու նկրտումներից: Կնշանակի թույլ Ռուսաստան, որից կարող են անջատվել բոլոր ազդեցության տարածքները, այդ թվում մենք:

Մեր դեպքը, իհարկե, յուրահատուկ է, քանի որ բոլոր սցենարներում էլ մենք տուժելու ենք:

Հ.Գ. Ի դեպ, ռուսաստանցիների մեծ հոսքով պայմանավորված, տնտեսական լրացուցիչ աճեր ակնկալողներին ասեմ, որ ռուսները չեն գալիս այստեղ բիզնես անելու: Եկել են ընկերություններ գրանցելու և բանկային հաշիվներ բացելու, այնուհետ արևմուտքի հետ կանեն իրենց բիզնեսը Ռուսաստանից, ինչպես նախկինում, իսկ հարկերը կվճարեն ՌԴ-ում, ինչպես նախկինում: Սա կտևի այնքան ժամանակ, մինչև որ որևմուտքը որոշի սանկցիաները տարածել նաև Հայաստանի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս