Նախատեսվա՞ծ են, արդյոք, Արարատ Միրզոյան առանձին հանդիպումներ Անթալիայի ֆորումի այլ մասնակիցների հետ. պարզաբանում են ԱԳՆ-ից

168.am-ը Անթալիայի ֆորումին ընդառաջ՝ մի քանի հարցադրումներ ուղղեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսնակ Վահան Հունանյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով՝

– Նախատեսվա՞ծ են, արդյոք, ՀՀ ԱԳ նախարարի առանձին հանդիպումներ Անթալիայի ֆորումի այլ մասնակիցների հետ:

– Ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարն արդյո՞ք հանդես է գալու ելույթով, և, մասնավորապես, 12.03.2022-ի նախատեսված «Մշակութային ժառանգություն» և «Ահաբեկչության դեմ պայքար» թեմաների քննարկման ժամանակ՝ նկատի ունենալով հայկական մշակույթի ոչնչացումը Ադրբեջանում և Թուրքիայում և վերջին՝ 44-օրյա պատերազմում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը:

Ի պատասխան՝ Վահան Հունանյանը միայն նկատեց. «ՀՀ ԱԳ նախարարի այցերի մանրամասների վերաբերյալ մենք պատշաճ ժամկետներում հանրությանը տեղյակ ենք պահում»։

Հիշեցնենք, որ ֆորումին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և այլք։

Տեսանյութեր

Լրահոս