Ի՞նչ ընտրության առջև է կանգնած Հայաստանը

Արդեն երկու շաբաթ երկարաձգվող Ռուսաստանի հայտարարած հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայի տարածքում արմատապես փոխել է իրավիճակն աշխարհում՝ նոր անվտանգային, տնտեսական, էներգետիկ սպառնալիքների ու մարտահրավերների առջև կանգնեցնելով Եվրոպան, հետսովետական տարածքը՝ միևնույն ժամանակ խաղի նոր կանոններ թելադրելով գրեթե բոլոր մեծ ու փոքր խաղացողներին:

Վերջին օրերին շատ է քննարկվում նաև այն հարցը, թե ինչպես է դիրքավորվելու ռուսական արտաքին քաղաքականությունն իր, այսպես կոչված, դաշնակիցների կամ ԵԱՏՄ գործընկերների հանդեպ և հատկապես նրանց, որոնք փորձում են աշխարհաքաղաքական դիմակայության շրջանակում չեզոքություն պահպանել, իսկ այդպիսիք քիչ չեն: Ըստ էության, եվրասիական տարածաշրջանում ուղիղ կերպով Ռուսաստանին աջակցում է միմիայն Բելառուսը: Հայաստանը, որը վաղուց դիտարկվում է՝ ռուսական ուղեծրում դիրքավորված երկիր, այսօր կարծես կրկին ընտրության առջև է կանգնել կամ կանգնեցվելու, քանի որ Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում աշխարհը փաստացիորեն բաժանել են սևի ու սպիտակի՝ բոլորին հրահրելով ընտրություն կատարել:

Արևմտյան ազդեցության վերլուծաբանները ևս կայուն կերպով զարգացնում են հետևյալ թեզը, թե այսօր աշխարհում լիովին այլ իրավիճակ է. «դու կա՛մ սրիկաների հետ ես, կա՛մ քաղաքակիրթ աշխարհի»: Ոմանք գտնում են, որ Հայաստանը, հատկապես հիմա, ընտրության հնարավորություն չունի և ամեն դեպքում ստիպված է աջակցել Ռուսաստանին, ոմանք էլ՝ չեն բացառում, որ ՀՀ ներկայիս չեզոքությունը, հատկապես՝ միջազգային կազմակերպություններում արվող քվեարկությունների ընթացքում, պատահական չէ, և, որ աշխարհաքաղաքական որոշակի դասավորության դեպքում չի բացառվում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն:

Ըստ էության, ներկայումս Ուկրաինայում աշխարհաքաղաքական խաղացողները որոշում են այդ երկրի «ընտրության» հարցը, որը դարձել է հետսովետական տարածաշրջանի ռուսական կամ արևմտյան ապագայի հստակեցման գլխավոր հանգրվանը:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ վերջին տասնամյակները հատկապես հետսովետական տարածաշրջանում արտաքին քաղաքական վեկտորի «ընտրության» տեսանկյունից ամենաթեժն էին և հատկապես ցնցումներով Վրաստանում, Ուկրաինայում:

Ուկրաինան, ըստ վերլուծաբանի, իր աշխարհագրական դիրքով, նշանակությամբ՝ լիովին այլ հարց է դարձել ՌԴ ներկայիս իշխանությունների ուրվագծած քաղաքականության շրջանակում:

«Առանձին կարելի է գնահատել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, որքանո՞վ է ճիշտ կամ սխալ, բայց նրանից, թե ինչպես կավարտվի այս պատերազմը, ի՞նչ պայմանավորվածություններով, կլինի՞ կոնսենսուս, թե՞ Ռուսաստանն իր պահանջները կփորձի առաջ տանել մինչև վերջ, թե՞ կփորձի հող նախապատրաստել, որպեսզի մեղմի իր նախապես հայտարարած պահանջները, քանի որ տնտեսական այնպիսի միջոցներ են կիրառվել, որոնք, անկասկած, դժվար հետևանքներ են ունենալու: Ներկայումս երկուստեք որոշակի շատ թույլ նշաններ կան, որ կարող են պայմանավորվել, սակայն ՌԴ իշխանության դրած խնդիրները չափազանց արմատական են: Այնուամենայնիվ կարևորում եմ նման ծանր փուլում թե՛ արդեն իսկ ընթացող բանակցությունները, թե՛ Թուրքիայում սպասվող Լավրով-Կուլեբա հանդիպումը: Վերջին մի քանի օրերի ընթացքում կա միտում, որ ռազմական գործընթացները դանդաղել են, իսկ հումանիտար պայմանավորվածությունները՝ շատացել»,- ասաց Մալաշենկոն:

Խոսելով գործընկեր երկրների դիրքորոշումից՝ նա նշեց, որ կարծես այս փուլում Կրեմլի համար կարևոր էր միայն Բելառուսի դիրքորոշումը, քանի որ Հայաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը կարողացան չեզոք դիրքորոշում հայտնել: Մալաշենկոն այն կարծիքին է, որ Ռուսաստանին աջակցության այս պատկերը պայմանավորված է այն կշռով, դիրքով, որն ունի Բելառուսը: «Շատ ավելի կարևոր են այն գործընթացները և փոփոխությունները, որոնք տեղի կունենան հետսովետական բոլոր երկրների դիրքորոշումներում այս պատերազմից հետո, և հատկապես կարևոր է այն, թե ինչպես դրանից դուրս կգա Ռուսաստանը: Այդ նոր իրավիճակում բոլոր երկրները կրկին կկանգնեն ընտրություն կատարելու կամ դրա անհնարինության առջև»,- ասաց վերլուծաբանը:

Իր հերթին՝ եվրոպացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ հետսովետական տարածաշրջանի երկրների ապագա արտաքին քաղաքականության հարցում էական դիրքորոշում ունի ոչ միայն Ռուսաստանի քաղաքականությունը ներկայումս և հետագայում, այլև այսօր Արևմուտքի դիրքավորումն Ուկրաինայի պատերազմի նկատմամբ: Բնականաբար, ըստ նրա, եթե Արևմուտքը կարողանա այնպիսի միջոցառումների դիմի, որպեսզի կարողանա, ի վերջո, պաշտպանել Ուկրաինայի «ընտրությունը», ինչը բարդ է ստացվում պուտինյան քաղաքականության կոնտեքստում, ապա դա կլինի հենց արևմտյան արժեհամակարգի օգտին:

Վերլուծաբանի խոսքով, եթե Ուկրաինան ստիպված լինի հրաժարվել ՆԱՏՕ անդամակցության հեռանկարից, ապա դա կլինի զարգացում՝ ի վնաս Արևմուտքի:

«Սակայն պետք է հասկանալ նաև այն, որ ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո փոխվում է նաև Եվրոպան, սա ճգնաժամային իրավիճակ է, առաջին հերթին՝ եվրոպական կոնտինենտի անվտանգության համար, մարտահրավեր այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան: Խաղի կանոնները փոխում են բոլորը, ինչպես նաև Չինաստանը: Նման իրավիճակում ասել, թե վաղը ինչ կլինի, շատ բարդ է: Այս օրերին տեսնում ենք, որ Ռուսաստանի պատճառով վտանգված են նաև վերջին ամիսների Իրան-Արևմուտք միջուկային բանակցությունները, բայց Արևմուտքը, Իրանը ձգտում են, որպեսզի, ի վերջո, համաձայնություն լինի, դա ևս կարևոր հարց է այս փուլում, որը կարող է ապագա դասավորություններում էական դեր տալ Իրանին տարածաշրջանում և աշխարհում: Բնականաբար, դա կլինի նոր իրավիճակ նաև Հայաստանի համար»,- ասաց Հալբախը:

Ուստի, նրա խոսքով, ներկայումս լրահոսում կորսվող և Ուկրաինային չվերաբերող, անկարևոր թվացող տեղեկությունները շատ կարևոր զարգացումների մասին են հուշում:

«Հուշում են, որ իրանական ուղղությամբ հակառակ դիրքերով պայքար կա Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Արևմուտքը փորձելու է խաղադրույքներ կատարել Իրանի վրա, բայց գուցե այդ պլանը տապալվի: Այսինքն՝ մենք այս ակտիվ գործընթացների կիզակետում ենք: Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրությանը, Հայաստանն այսօր ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, դա իրողություն է, բայց, իհարկե, չի բացառվում, որ դա փոխվի․ դա կախված է, առանց բացառության, ներկայիս բոլոր խաղացողներից, որոնք ակտիվ են ուկրաինական թատերաբեմում»,- ասաց Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս