25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզվում են
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 7-ին ժամը 23:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից, ըստ որի՝ մարմնի տարբեր հատվածներում բազմակի հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 1996թ-ին ծնված երիտասարդ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ Երևան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում և շքամուտքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաև արնանման հետքեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ։
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: