Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը. Հակոբ Սերոբյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է թիմի գրանցած արդյունքներից աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Առաջին անգամն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում պետք է միավորներ հավաքեինք, որը մեզ հնարավորություն կտար մասնակցել աշխարհի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ հաջող ստացվեց ամբողջ թիմի համար: Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն արդեն իսկ հավաքել են պահանջված միավորները: Մեր առաջնային խնդիրն աշխարհի առաջնության համար առաջացած խնդիրը լուծելն էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Սերոբյանը խոսքով` հաջող պայքար ստացվեց Կոդբուսի գավաթի փուլում, որտեղ ուժեղ պայքար էր ծավալվել, սակայն մասնագետը դժգոհ է Գագիկ Խաչիկյանից, որը լավ ելույթ չունեցավ:
«Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը: Նա հաջորդ մրցաշարերում ամենալավ արդյունքն է գրանցելու: Դավթյանը հրաշալի է տիրապետում ցատկերին»,-շեշտեց Սերոբյանը:
Հայաստանի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին, բայց դա որևէ կերպ չի ազդի հետագա մասնակցությանն այս կամ այն մրցաշարին:
Մասնագետի խոսքով` ավագ սերնդին փոխարինելու են գալիս արժանի երիտասարդներ:
Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճեց երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը մեկ արծաթե, Վահագն Դավթյանը մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթ, մեկ բրոնզ: