
Burberry, Louis Vuitton․․․ համաշխարհային ո՞ր բրենդներն են դադարեցրել գործունեությունը ՌԴ-ում

Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության հետևանքով բազմաթիվ համաշխարհային բրենդներ դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Nike, FedEx, UPS ընկերություններին միացել են նաև Richemont, LVMH և Kering ընկերությունները։
Վերջիններս միասին ունեին ավելի քան 100 ապրանքանիշ, որոնք ներկայացված էին ՌԴ-ում։ Այս մասին հայտնում է luxurylaunches.com–ը։ Ընկերությունները ժամանակավորապես փակել են խանութները։
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը LinkedIn-ի միջոցով հայտնել է, որ Chanel-ը ևս ժամանակավորապես դադարեցնում է իր բիզնես գործունեությունը Ռուսաստանում:
Լյուքս ոլորտի հսկա LVMH-ն իր հայտնի ապրանքանիշերով, ինչպիսիք են Christian Dior-ը, Givenchy-ն, Kenzo-ն, TAG Heuer-ը և Bulgari-ն, փակել է 124 բուտիկ ՌԴ-ում։ Ֆրանսիական Kering ընկերությունը, որի կազմում են հանրահայտ Gucci, Saint Laurent, Bottega Veneta և Boucheron ապրանքանիշները, ևս փակել է խանութները։
Cartier ընկերությունը ևս ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում և Ուկրաինայում։ Rolls-Royce-ն էլ ժամանակավորապես մեքենաներ չի ներկրի Ռուսաստան։