Եթե Միրզոյանը գնում է, շատ հավանական է՝ ինչ-որ բան են նախատեսում. թուրքագետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այսօր հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Ի դեպ, դեռ հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն Անթալիայի ֆորումին Արարատ Միրզոյանի մասնակցությունը տարակուսելի է համարում:

«Եթե այնտեղ, բացի համաժողովից, երկկողմանի ինչ-որ տեսակցություններ չեն լինելու, դա ուրիշ հարց է, սակայն Արարատ Միրզոյանի գնալը նոր հարցադրումներ է առաջ բերում: Այստեղ գուցե նորից այն առիթը տեսած լինեն, թե  հնարավորություն է ստեղծվել առանց միջնորդների, մասնավորապես՝ ՌԴ ներկայության, ինչ-որ հարցեր ավարտին հասցնեն:

Եվ եթե Միրզոյանը գնում է, շատ հավանական է՝ ինչ-որ բան են նախատեսում՝ մինիմումը՝ պայմանավորվածություններ, մաքսիմումը՝ ինչ-որ բան ստորագրել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետը:

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը: Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 24-ին՝ Վիեննայում։

Տեսանյութեր

Լրահոս