«Ընդդիմությունն այնքան ապիկար է գործել, որ Փաշինյանը ծակից դուրս է եկել և իրեն թափ տվող է զգում». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Խարկովում ռուսական օդուժի կողմից  Ադրբեջանի հյուպատոսության ռմբակոծումը պատահականություն չէր՝ մեսիջ էր:

«Ադրբեջանին շատ բան ունեն հասկացնելու: Պատահական չէ, որ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց առաջ Իլհամ Ալիևին կանչել էին Մոսկվա, այնտեղ ստորագրվեց հռչակագիր, որի ժամանակ Պուտինը իբր Ուկրաինայի կապակցությամբ որոշակի բաներ հասկացրեց Բաքվին, մասնավորապես նշելով, որ Ուկրաինան հատուկ դեպք է, քանի որ այլ պետության ազդեցության տակ է ընկել: Դրանով ՌԴ-ն Ադրբեջանին հասկացրեց, որ նույնը կարող է կրկնվել իր հետ, եթե ինքն ընկնի այլ պետությունների ազդեցության տակ: Նկատի ունի Թուրքիային, Բրիտանիային»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Այս ֆոնին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:

Արգիշտի Կիվիրյանը նկատեց՝ իշխանությունները թող բարի լինեն՝ հասարակությանը ներկայացնեն Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագրի նախագծի իրենց տարբերակը.

«Ոչ թե անգամ Ադրբեջանի պատկերացրածը, այլ իրենցը, որ հայ հասարակությունը հասկանա՝ ի վերջո, ինչ իշխանության հետ գործ ունի: Մյուս առումներով ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը՝ որպես պարտված կողմ, չի կարող տարածաշրջանում խաղաղություն ստեղծել, պարտված կողմն ընդամենը կարող է ընտրել այն դիրքը, որով կշարունակեն իր հետ դաժան ձևով զբաղվել: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը 4 տարի շարունակ զբաղվել է ամեն տեսակի խելապակասություններով, և բոլոր խելապակասությունները հերթով աղետալի հետևանքներ են ունեցել այս երկրի համար»:

Դիտարկմանը՝ իշխանությունները չեն ընդունում, որ սխալվել են, համաձայն չեն, երբ իրենց դավաճան են ասում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրեն դավաճան ասողների վրա մատ էլ թափ կտա, «ուրիշ բան էլ թափ կտա», եթե պետք լինի, նա արձագանքեց. «Այդտեղ թիվ մեկ պատասխանատուն ընդդիմությունն է: 2020թ. պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը օրեր շարունակ չկար, ինչ-որ ծակ էր մտել, այդ ծակից չէին կարողանում դուրս բերել: Կարծեմ՝ Օնիկ Գասպարյանն էր նրան բունկերում պահում՝ ըստ մամուլի: Դրանից հետո մենք այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կանգնում՝ ընդդիմության երեսին նման սպառնալիքներ է ասում: Այդ, որ կարողացել է ծակից դուրս գալ և նման ձևով արդեն վարքագիծ դրսևորել ԱԺ-ում, դա հենց ցույց է տալիս, որ ընդդիմությունն այնքան ապիկար է գործել և շարունակում է գործել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն թափ տվող է զգում, այլ ուղղակի կանգնում և նմանատիպ լեքսիկոնով խոսում է ընդդիմության հետ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս