«Ես չգիտեմ, թե ով վաճառեց հայրենիքը, բայց տեսա, թե ով վճարեց գինը». Զոհված սերժանտի ֆեյսբուքյան գրառումից

Այսօր  հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, սերժանտ 33-ամյա Հրաչ Մանասերյանը շուրջ տասը տարի ծառայել է  ՀՀ Զինված ուժերում: Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր:

168.am-ն առանձնացրել է զոհված զինծառայողի ֆեյսբուքյան գրառումները, որտեղ նրա խոհերն են հայրենիքի, բանակի, պատերազմի մասին:

2021 թվականի հունվարի 28-ին հայրենիքի զինվորը Հայոց Բանակի տոնը շնորհավորել է.  հետևյալ գրառմամբ.

«1992թ.-ը բեկումնային էր Հայաստանի համար։

Անկախությունից հետո, ժամանակի հրամայականով հայոց բանակի կազմավորումը պետք է ուղղված լիներ հայրենիքի սահմանների պահպանման կարևոր գործին։ Նվիրյալների շնորհիվ խոսքը գործ դառավ, որի արդյունքում այսօր ունենք կայացած բանակ։ Այդ օրից ի վեր մեր սպաները, հերոս երիտասարդները պատվով են իրականացնում իրենց առջև դրված պարտավորությունը։
Դժվարին ճանապարհները միշտ վերելքներով ու վայրէջքներով են լեցուն։ Հաղթանակների կողքին, ցավոք, նաև անկումներ են լինում։ 2020թ.-ը մեր պատմության կորստաբեր տարիներից էր։ Ես չեմ կարող օգտագործել «պարտված» բառը, քանզի մեր հերոս տղաները հաղթել են և իրենց կյանքի գնով մինչև վերջ հայրենիք պահել։ Փա՛ռք Հայոց բանակին, հերոս զինվորին, քաջեր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: Հավերժ հիշատակ նահատակներին և խոնարհումս նրանց շիրիմներին»:

2021 թվականի մարտ ամսին Հրաչ Մանասարյանի կանխազգացումը,  դժբախտաբար, ճակատագրական դարձավ.

«Պատերազմը կավարտվի։ Ղեկավարներն իրար ձեռք կսեղմեն՝ մինչ մայրը կշարունակի սպասել իր նահատակ որդուն, դեռատի կինը կսպասի իր սիրելի ամուսնուն, երեխաները կսպասեն իրենց հերոս հորը։ Ես չգիտեմ, թե ով վաճառեց հայրենիքը։ Բայց տեսա, թե ով վճարեց գինը»:

 

Տեսանյութեր

Լրահոս