Քամին խոշոր վնաս է պատճառել Ծակքարի միջնակարգ դպրոցի շենքի տանիքին
Մարտի 5-ին, ժամը 11-ի սահմաններում ավերիչ ուժի քամին խոշոր չափի վնասներ է պատճառել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի շենքի տանիքին, մասամբ՝ պատին եւ լուսամուտներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծակքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Խաչատրյանը, քամին ամբողջությամբ պոկել է դպրոցի նիստերի դահլիճի եւ ճաշարանի մասնաշենքի տանիքը եւ այն շպրտել ուսումնական մասնաշենքի տանիքի վրա՝ զգալի վնաս պատճառելով նաեւ այդ մասնաշենքին։ «Բարեբախտաբար, այդ օրը շաբաթ էր, դպրոցական պարապմունքների օր չէր, ու մեզ միայն դրա շնորհիվ է հաջողվել խուսափել դժբախտ դեպքերից։ Թե որքան կկազմեն վնասի չափերը, դա կորոշվի համապատասխան մարմինների կողմից կազմված հանձնաժողովների եզրակացության արդյունքում։ Ամեն դեպքում, գործ ունենք խոշոր չափերի վնասների հետ, որոնց վերականգնման համար նկատելի միջոցներ կպահանջվեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճաշարանում վերջերս են ավարտվել հիմնանորոգման աշխատանքները եւ ելնելով նորոգված տարածքը պահպանելու անհրաժեշտությունից՝ մեր դպրոցի աշխատակիցների ուժերով եւ դեռեւս պիտանի փայտերով ու թիթեղներով ժամանակավոր կտուր ենք տեղադրել ճաշարանի եւ նիստերի դահլիճի մասնաշենքին։ Միաժամանակ փորձում ենք վնասված մյուս հատվածներում եւս ժամանակավոր ծածկ տեղադրել, մինչեւ որ կլուծվի հիմնանորոգման խնդիրը»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը։
Քամին ջարդել է նաև երկու դասասենյակների պատուհանները, ճաք առաջացրել ճաշարանի և նիստերի դահլիճի մասնաշենքի պատի մեջ:
Նույն օրը Ծակքարի միջնակարգ դպրոց է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։