«Եթե Հայաստանն ու Ադրբեջանն առանց նախապայմանների ուզում են հարաբերություններ զարգացնել՝ խնդրեմ, բայց դա չի կարող լինել Արցախի հաշվին». Դավիթ Բաբայան

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել,  ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։

«ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,- մեկնաբանել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով մամուլի խոսնակի պաշտոնական այս պատասխանին և առհասարակ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու հնարավոր վտանգներին՝ նախ նշեց, որ որևէ մեկը խաղաղությանն ու խաղաղության պայմանագրին դեմ չէ, բայց այստեղ խնդիրն այն է, թե այդ ամենն ինչ գնով է լինելու։

«Ըստ իս, հասկանալի է, որ այդ խաղաղության պայմանագիրը չի կարող իր մեջ ներգրավել այն փաստը, որ Հայաստանը ճանաչի Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։ Նման բան պարզապես չի կարող լինել։ Իսկ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները թեև սերտորեն կապված են ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման հետ, այդուհանդերձ, առանձին գործընթացներ են։ Հետևաբար, եթե Հայաստանն ու Ադրբեջանն առանց նախապայմանների ուզում են հարաբերություններ զարգացնել՝ խնդրեմ, բայց բնական է, որ դա չի կարող լինել Արցախի հաշվին։ Իհարկե, Ադրբեջանը փորձելու է այդ հարցը ներգրավել և այլն, այդ պատճառով էլ ես այլ կարծիք ունեմ այդ ամենի մասին»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում թշնամու սադրանքներին՝ Խրամորթ և Նոր շեն գյուղերի ուղղությամբ, և հարցին, թե այս ամենը որքանով են կապված Ուկրանիայում տեղի ունեցող գործընթացների հետ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այդ ամենի պատճառը հետևյալն է՝ ադրբեջանական կողմը ատում է հայերին ու Ռուսաստանին։

«Բայց կոնկրետ ժամանակահատվածի ակտիվությունը ռուս-ուկրաինական այս իրավիճակն է, որն էլ ադրբեջանական կողմի համար առիթ է։ Սակայն, կրկնում եմ՝ բուն պատճառն ատելությունն է հայերի ու ռուսների նկատմամբ, նրան և՛ մեզ, և՛ Ռուսաստանին են դիտարկում իրենց համար թշնամի։ Սա միշտ է այդպես եղել, սակայն Ադրբեջանն այլ կերպ է  այդ ամենը ցուցադրում, ղեկավարությունը ընկերական կենացներ է ասում ռուսների եղբայրության մասին, սակայն գաղտնի այլ բան է անում։ Բոլորդ էլ հիշում եք Բաքվում բազմահազարանոց հակառուսական միտինգները, այս ամենը դրա վառ ապացույցն է»,- ասաց Արցախի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ թշնամին սադրանքների դիմել է ու դիմելու է, սա է նրանց էությունը, ուստի այստեղ հայկական կողմի համար չպետք է որևէ զարմանալի բան լինի։ Ի դեմս Ադրբեջանի՝  կա պետություն, որն իր հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելություն է ներարկում։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում՝ Արցախի անվտանգությանը, Դավիթ Բաբայանն ասաց, որ այլևս աշխարհաքաղաքական տեսանկյունից «ազատ տարածքներ» չեն մնացել, որտեղ գերտերությունները կկարողանան իրենց ազդեցության գոտին տարածել։

«Ամբողջը «կարմիր գծեր» են՝ վերջ, Ուկրանիայի դեպքերը դա ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ չկա ազատ գոտի։ Եթե ժամանակին Գորբաչովի, այսպես կոչված, վերակառուցումից, պետության փլուզումից հետո «ազատ գոտիներ» էին առաջացել, հիմա նման տարածքներ չկան և «կարմիր գծեր» են, իսկ «կարմիր գիծը»՝ դա արյուն է։ Հետևաբար՝ կա մեկ ընդհանուր ճակատ, և բոլորն էլ հասկանում են Ղրիմի, Արցախի ու Անդրկովկասի կարևորությունը։ Այլ հարց է, եթե Ռուսաստանը մասնատվի ու տապալվի, այդ ժամանակ սարսափելի է լինելու բոլորի վիճակը, սա պետք է լավ հասկանալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

 

Տեսանյութեր

Լրահոս