
Վրաստանում սողանքն ընդհատել է երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանում երկաթուղային հաղորդակցությունն արեւելյան եւ արեւմտյան շրջանների միջեւ ընդհատվել է Իմերեթի երկրամասի Խարագաուլի շրջանի Մարելիսի գյուղի մոտ տեղի ունեցած սողանքի պատճառով: Մարտի 7-ին այդ մասին հաղորդել է «Վրաստանի երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը:
«Մարելիսի գյուղի մերձակայքում Ռիկոտի լեռնանցքի հատվածում սողանք է իջել, ինչի հետեւանքով զգալիորեն վնասվել է երկաթուղու մոտով անցնող ավտոմոբիլային կամուրջը: Վնասվել է նաեւ երկաթուղու հպման գիծը: Պատահարի պատճառով առավոտվանից բեռնատար եւ մարդատար գնացքների երթեւեկությունը դադարեցված է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վայր է ժամանել հատուկ տեխնիկա, նորոգվում է հպման գիծը:
Գնացքների երթեւեկության վերականգնումը տեղի կունենա փուլ առ փուլ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: