«Մեր երկրում նախարարներ, նախագահ չկա, կա Նիկոլ Փաշինյան և Նիկոլ փաշինյանիկներ». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ վիրավորական է, երբ զուգահեռներ են տանում իրենց և ներկայիս իշխանությունների միջև։

«2018 թվականին Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել էր Արմեն Սարգսյանը։ Կարծում եմ՝  որևէ մեկը չի համաձակվի ասել, որ Արմեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության թիմի անդամ էր։  Ուստի Սահմանադրության ոգով նախատեսված վերկուսակցական արբիտրի գործառույթը նա կարող էր իրականացնել։ Վահագն Խաչատուրյանը  Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ինքը ՔՊ-ի թիմի անդամ է։ Այստեղ ոչ թե լեգիտիմության, այլ հստակ լեգալության խնդիր է։ Ինքը Սահմանադրության ոգուն, իր պաշտոնի ոգուն հակասող հայտարարություն է արել»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ հստակ պարզաբանեց Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորի մեկնաբանությամբ՝ այն, որ, Վահագն Խաչատուրյանը հրապարակավ հայտարարում է, որ ինքը քաղաքական թիմի անդամ է, արդեն սահմանադրության հետ կապված խնդիրներ և հակասություններ են առաջանում, ուստի դա էլ պատճառը, որ հրաժարվել են մասնակցել լեգալության հետ խնդիր ունեցող գործընթացին.

«Մենք չենք ցանկանում մաս կազմել նման գործընթացների։ Ավելին ասեմ՝ մեր երկրում նախարարներ, նախագահ, ԱԺ նախագահ, նմանօրինակ պաշտոններ չկան, կա Նիկոլ Փաշինյան և Նիկոլ փաշինյանիկներ։ Ամբողջ պետական կառավարման համակարգը բերվել է այդ իրավիճակին»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս