«Պետք է հիմնավորեն մեղադրանքները, հակառակ դեպքում կլինեն Փաշինյանի ելույթի նման ելույթներ և ոչ միայն». Էդուարդ Աղաջանյան

Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը լրագրողի հարցին անդրադարձավ անցյալ շաբաթ Կառավարության հետ ԱԺ  հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա մատ թափ տալով խոսելուն ուղղված դիտողությանն ասել էր, թե  մատ թափ տալով կխոսի, եթե պետք լինի, այլ բան էլ թափ կտա։

ՔՊ-ական պատգամավորն էլ ըստ էության դիտողություն արեց լրագրողին, թե ինչ շեշտադրումով պետք է հարցն ուղղել.

«Դուք շեշտադրումն անում եք ոչ թե բովանդակության, այլ ձևի վրա, այստեղ բովանդակությունն է կարևոր։ Կան ելույթներ, որոնց հեղինակը կարող է այս կամ այն կերպ տվյալ տեքստն արտաբերել, ժեստիկուլյացիաներով կամ առանց, իքս կամ իգրեկ տոնայնությամբ։ Կարծում եմ՝ այստեղ շատ ավելի կարևոր է, որ մեծ ուշադրություն դարձնենք բովանդակության վրա։ Եթե ավելի ուշադիր հետևեք մեր ընդդիմադիր գործընկերների տեքստերին, ապա այնտեղ ավելի հետաքրքիր բովանդակություն և նոր հարցեր կառաջանան ձեզ համար, քան այն, ինչ նշում եք՝ մատ թափ տալ կամ չտալ»,- փորձեց իր թիմի առաջնորդի վարքագիծն ու խոսելաձն արդարացնել ու այլ մեղավորներ գտնելով՝ ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն արդեն հոգնել է անհիմն ու բովանդակազուրկ, նաև վիրավորական մեղադրանքներից, ուստի այդ մեղադրանքների հեղինակները պետք է պատասխան տան։

«Նրանք պետք է պատասխան տան իրենց կողմից հնչեցրած ցանկացած մեղադրանքի համար, որովհետև սա Հայաստանի խորհրդարանն է, որպես լրագրողներ՝ կակնկալեի, որ նույն հարցը տաք նաև ընդդիմությանը, արդյո՞ք իրենք որ խոսում են, այդ նույն տարածքների մեջ մտնում են այն տարածքները, որոնց շուրջ բանակցել են՝ որպես սակարկման առարկա։ Հետևաբար, երբ ամեն անգամ մեզ ԱԺ ամբիոնից, իրենց նստած տեղերից, հարցերի, պնդումների տեսքով մեղադրում են դավաճանության, հայրենիքի 75 տոկոսը հանձնելու մեջ, անթույլատրելի է, և սրան, բնականաբար, միշտ պետք է լինի արձագանք, և այսուհետ միշտ այդպես է լինելու։ Ցանկացած մեղադրանքի, ասածի համար իրենք պետք է պատասխան տան և հիմնավորեն, հակառակ դեպքում կլինեն նման հիմնավորումներ և ոչ միայն»,- զգուշացրեց  Էդուարդ Աղաջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս