«Պարզապես անամոթություն ու լկտիություն է՝ Շուշիի հանձնման համար պատասխանատու կարգել Սեյրան Օհանյանին կամ մեկ այլ անձի». Մետաքսե Հակոբյան

Մարտի 3-ին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ԱԺ ամբիոնից դիմելով Սեյրան Օհանյանին՝ ասաց, որ նա դեռ պետք է պատասխան տա, թե ինչու այնպես չարեց, որ Շուշին մնա հայկական։

Իշխանական պատգամավորը նաև Սեյրան Օհանյանին մեղադրեց, որ իրենց  ժառանգություն է թողել   այնպիսի վատ բանակ, որը չկարողացավ մրցել ադրբեջանական բանակի հետ։

Գրեթե նույն մեղադրանքները Սեյրան Օհանյանին ուղղեցին նաև ՔՊ-ական մի քանի այլ պատգամավոր։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Հայաստանի իշխանությունների պարբերաբար հնչեցվող՝ Արցախն ազատագրողների դեմ ուղղված մեղադրանքներին ու արված գործը նսեմացնող հայտարարություններին, նկատեց՝ ՀՀ իշխանությունները 2018 թվականից սկսած տարածեցին թեզը՝ ձգտելով արժեզրկել այն, որ անցած 30 տարիներին հայ ազգը հարգել ու պաշտել է իր հերոսներին, իշխանությունը ցանկանում է վերացնել այդ հերոսապատումը։

«Այս համատեքստում առաջինը մենք տեսանք, երբ կոնկրետ գործողություններ եղան և գործեր կարվեցին Մանվել Գրիգորյանին, որովհետև հնարավոր չէր երբևէ, որ Արցախի հերոսը, Արցախն ազատագրողն ուղղակի, ինչպես իրենք էին ասում, «տուշոնկա» գողացող լինի։ Դա բացառվում է, ուղղակի իրենք կարողացան այդ գործը սարքել իրենց բնորոշ ձևով, ինչպես շարունակում են անել մնացած հերոսներին։ Իրենք թիրախ ընտրելով հենց Մանվել Գրիգորյանին՝ փորձեցին հենց իրենով վերացնել հերոսապատումը և դրանով վերացնել Արցախ գաղափարը։ Սա պլանավորված էր, պատահական չէր, երբ հետ ենք նայում ու սկսում ենք գործընթացները վերլուծել, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մեջ մտցնեն, թե Արցախի համար ոչինչ չի արվել։ Եվ այդ ամենը հանգուցալուծեցին պատերազմով, որտեղ ամենադաժանը մեր ունեցած զոհերն էին ու հայրենիքի կորցրած մի հատվածը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի՝ այսօր Հայաստանի իշխանություններն իրենց ընտրող զանգվածին պետք է համոզեն, որ սխալ ընտրություն չեն կատարել, և իրականում այնպես է, ինչպես իրենք ներկայացրել են։

«Շուշիի հանձնման համար պատասխանատու կարգել Սեյրան Օհանյանին կամ մեկ այլ անձի՝ պարզապես անամոթություն ու լկտիություն է, որովհետև մենք 44 օր շարունակ տեսնում էինք, թե ինչո՞ւ պատերազմը չէր կանգնում: Չէր կանգնում, որովհետև Ալիևի հետ ուղիղ պայմանավորվածություն կար Շուշին հանձնելու համար։ Դա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունն էր, որի արդյունքում Փաշինյանը Շուշին պետք է ուղղակի նվիրեր Ալիևին, ինչն արեց։ Իսկ Սեյրան Օհանյանը ո՛չ պատասխանատու էր, և ո՛չ էլ որևէ կերպ նշանակված էր որպես Շուշիի պաշտպանության ղեկավար։ Նա կամավոր էր գնացել Շուշի, իսկ ամբողջ պատերազմի ընթացքում իրենք ուղղակի չեզոքացրեցին մեր հերոսներին, կարողացան այնպես անել, որ որևէ մեկը մոտիկ չկարողացավ գնալ մարտական գործողություններին։ Ես իմ աչքով եմ տեսել, թե նրանք ինչ ջանք էին թափում որևէ պատասխանատվություն կրելու համար, բայց նրանց թույլ չտվեցին»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նաև ընդգծեց, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանին առհասարակ Արցախում չի տեսել, փոխարենը՝ տեսել է նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին, և բոլորը գիտեն, թե նա որտեղ է եղել։

Արցախում եղել են Փաշինյանի թիմակիցները, և պատգամավորն անձամբ է տեսել, թե նրանք մեկ շաբաթ շարունակ այնտեղ ինչով էին զբաղված։ Այցելություները մի քանի անգամ են եղել, սկզբում ԱԺ բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ են եղել, այնուհետև այցելել են իշխանական պատգամավորները՝ շքախմբով, իրենց օգնականներով ու մի քանի տեսախցիկով։

«Այդ շքախմբի անդամներն էլ սոցիալական ցանցերում գրում էին, որ իրենք գնում են առաջնագիծ, ես ուզում էի հասկանալ, թե ի վերջո իրենց համար առաջնագիծը որտեղ է, պարզվեց՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն էր։ Մենք նրանց հետ մեկ անգամ հանդիպեցինք, ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանն իրեն պահեց այնպես, ինչպես իր ղեկավարն է  պահում՝ ոչ ղեկավարին հարիր պահվածքով։ Դա եղավ մեր առաջին ու վերջին հանդիպումը։ Հետո նաև իմացանք, որ նրանք ուղեգրով էին եկել Արցախ, այսինքն՝ Արցախ գալու համար իրենք վճարվում էին։ Նրանք մի քանի ժամով էին հյուրանոցից դուրս գալիս ու այդ ընթացքում ֆոտոսեսիաներ էին անում՝ ի ցույց հայության, որ իրենք եկել են Արցախ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս