ՌԴ ռազմական օպերացիան Ուկրաինայում ունի քաղաքական և ռազմական բաղադրիչ․ ռազմական վերլուծաբան

«Որևէ մեկը չի կարող ասել, թե ՌԴ ռազմական օպերացիան Ուկրաինայում ինչ ժամկետի համար է նախատեսված»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը` անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին։

Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ կանխատեսումներ անելը չափազանց բարդ է, հատկապես, երբ ուկրաինական կողմը մեծ տեղեկատվական մանիպուլյացիաներ է կիրառում, որոնք, այնուամենայնիվ, այս իմաստով վերլուծություններն անարժեք և անվստահելի են դարձնում։

Նրա որակմամբ, ռուսական կողմի հաջողության համար կարևոր է հարավային թևում մի շարք քաղաքների գրավումը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։

«Դատելով ՊՆ որոշ հաղորդագրություններից, այս ամենը շատ կարճ չի տևելու։ Պատճառն այն չէ, որ դիմադրությունն այնպիսին է, որ ձգձգվում է կամ ըստ պլանի չէ, որևէ մեկը չի կարող ասել, թե օպերացիան ինչ ժամկետի համար է նախատեսված, և ռուսական կողմն ինչ քաղաքական խնդիրներ է զուգահեռաբար փորձում լուծել սրանով, որպեսզի բանակցությունները շարունակվեն ռուսական պահանջներով։

Վստահաբար ինչ-որ բաներ ըստ պլանի չեն գնում, քանի որ նախապես ծրագրված որևէ ռազմական օպերացիա չի կարող ըստ պլանի ընթանալ, սովորաբար կողմերի ակնկալիքները կամ գերագնահատված, կամ թերագնահատված են լինում։ Ռազմի դաշտում անընդհատ իրավիճակ է փոխվում, բացի այդ, անընդհատ զենք է մատակարարվում Ուկրաինա, ուկրաինական քաղաքները խիտ բնակեցված են, ՌԴ ՊՆ գծած սխեման լիովին ընկալելի չէ, քանի որ բոլորն արագ արդյունքներ ու արագ ավարտ էին ակնկալում, բայց սա օպերացիա է, որն ունի քաղաքական ու ռազմական բաղադրիչ, ռազմական բաղադրիչը կենտրոնացած է Դոնբասում, իսկ քաղաքականը՝ կենտրոնում, և մասնավորապես՝ Կիևում։ Եվ որքան շուտ բանակցային եղանակով հաջողվի հասնել պայմանավորվածության, այնքան լավ կլինի և այնքան շուտ կավարտվի այս ամենը»,- նշեց ռազմական վերլուծաբանը։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական միջուկային սպառնալիքը, Խրամչիխինը պատասխանեց՝ բարդ հարց է, և պատերազմի նման ընթացքի դեպքում դա հնարավոր չէ։

Տեսանյութեր

Լրահոս