Մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը
Գորիս֊Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 45 տարեկան հասակում մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։
Անահիտ Նիկոլայի Դանիելյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, 1977 թվականին:
2007թ. Ստեփանակերտի մամուլի ակումբի անդամ է եղել: 2003թ. ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը:
Աշխատել է «Ազատ Արցախ (2003-2005թթ.), 168 ժամ (2005-2006թթ.), «Դե-մո» (2006-2009թթ.), «Հետք» (2006-2009թթ.) թերթերի խմբագրություններում` որպես թղթակից:
2008-ից «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության թղթակիցն է եղել, 2009-ից՝ «Անալիտիկոն» ամսագրի սրբագրիչ:
2010-ից «Երկիր» օրաթերթի թղթակիցն էր Արցախում:
Հայաստանի հանրային հեռուստատեսությունում անցել է 10-օրյա վերապատրաստում և դարձել «Ռեալ քաղաքականություն» հաղորդաշարի «Հայացք Ստեփանակերտից» մասի պատասխանատուն (2010թ.):
Վերջին շրջանում աշխատակցում էր media.am կայքին:
Անահիտ Դանիելյանը 2018-2020թթ. ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։
Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։ Նա Արցախի առաջին լրատվական կայքի՝ «Karabakh֊open.info»-ի հիմնադիրն էր։