
Bloomberg-ը հայտնել է Ռուսաստանում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին

Ամերիկյան Bloomberg գործակալությունը մարտի 5-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տարածքում իր լրագրողների աշխատանքը միառժամանակ դադարեցնելու որոշման մասին:
«Մեծ ցավով որոշում ենք ընդունել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանում լրահավաք գործունեությունը»,-ասել է գործակալության գլխավոր խմբագիր Ջոն Միքլթուեյթը:
Bloomberg-ից հայտնել են, որ որոշման պատճառը «քրեական օրենսգրքում արված փոփոխությունն է, որը, հավանաբար, միտված է ցանկացած անկախ լրագրողի վերածել հանցագործի»: Լրատվական գործակալությունից նշել են, որ նման փոփոխությունները երկրում նորմալ լրագրությունն անհնարին են դարձնում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար:
Օրենքի ընդունումից հետո Ռուսաստանում գործունեությունն արդեն ժամանակավորապես դադարեցրել են ամերիկյան CNN-ը, բրիտանական BBC-ն և կանադական CBC-ն: