«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանը՝ հայրենիքի մասին
Անհնար է պատկերացնել Հայոց բանակի օրն առանց Վազգեն Սարգսյանի մասին հիշելու։ Մեծն սպարապետը ոչ միայն անմոռանալի ներդրում ունեցավ Հայոց բանակի կայացման գործում, այլ նաև իր հետևից թողեց հզոր մտքեր, որոնք մինչ օրս կարող են հայրենասիրության դասեր տալ մեզնից շատերին։ Առաջարկում ենք ծանոթանալ Վազգեն Սարգսյանի 16 մտքերին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ։
1. Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է:
2. Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:
3. Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ՝ որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:
4. Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։
5. Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ:
6. Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ ա՛յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար:
7. Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը:
8. Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:
9. Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է:
10. Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին և երեխաներին, այդ երկուսն են անպաշտպան:
11. Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
12. Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:
13. Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:
14. Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։
15. Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:
16. Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: