«Բոլոր մարդիկ, ովքեր կզոհվեն այս օրվանից, կզոհվեն նաև ձեր պատճառով»․ Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին մամուլի ասուլիսով էր հանդես եկել, որի ընթացքում մեկնաբանել էր Ուկրաինայի երկինքը չփակելու ՆԱՏՕ-ի որոշումը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։ Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «թույլ» եւ «շփոթված» է անվանել:

«Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են մի նարատիվ ստեղծել, որ իբր Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանի ուղիղ ագրեսիան ՆԱՏՕ-ի դեմ։ Դա այն մարդկանց ինքնահիպնոզն է, ովքեր թույլ են, ներքուստ անվստահ, թեեւ կարող են մի քանի անգամ ավելի հզոր զենք ունենք, քան ունենք մենք: Դուք պետք է մտածեիք մարդկանց, մարդկության մասին։ Ինչի՞ մասին էիք մտածում այդ նիստին։ Բոլոր մարդիկ, ովքեր կզոհվեն այս օրվանից, կզոհվեն նաեւ ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով, ձեր միասնական չլինելու պատճառով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «այն ամենը, ինչ Դաշինքը կարողացել է անել այս պահի դրությամբ, Ուկրաինայի համար 50 տոննա դիզվառելիքի անցկացումն է գնումների իրենց համակարգով»։

«Հավանաբար՝ որպեսզի կարողանանք այրել Բուդապեշտի հուշագիրը, որ ավելի լավ վառվի: Բայց մեզ համար այն արդեն այրվել է ռուսական զորքերի կրակի մեջ։ Մի՞թե այսպիսի ՆԱՏՕ էինք մենք ուզում: Մի՞թե այսպիսի Դաշինք էիք կառուցում։ Դաշինքի ղեկավարությունն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների եւ գյուղերի հետագա ռմբակոծմանը՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտու սահմանումից։ Դուք կարող էիք փակել երկինքը: Բայց… ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել եւ կարո՞ղ եք արդյոք պաշտպանել ձեր երկրները՝ Դաշինքի երկրները։ Մեզնից չեք պրծնի լիտրերով վառելիքով մեր մեկ լիտր արյան դիմաց, որը թափվեց մեր ընդհանուր Եվրոպայի, մեր ընդհանուր ազատության, մեր ընդհանուր ապագայի համար»,- ասել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս