Բաժիններ՝

Էրդողանն օգուտ կքաղի՞ Ուկրաինայի ճգնաժամից. թուրք լրագրող

Թուրք գրող, լրագրող Մուրադ Յեթքինը մեկնաբանել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էրդողան Թոփրաքի օրերս արած հայտարարությունն Ուկրաինայի ճգնաժամից Թուրքիայի հնարավոր օգուտների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Երկրի համար շատ լավ կլինի, որ Ռուսաստանից փախչող ներդրումները գան Թուրքիա։ 2001-ին Աֆղանստանին մեր աջակցությունից հետո եկած ներդրումները դեր խաղացին ճգնաժամից դուրս գալու հարցում։ Սակայն հիմա ընկալում կա, որ Էրդողանը երկիրը հեռացնում է իրավական պետությունից։ Հիմնական ներդրողները կարող են սպասել այս իրավիճակի փոփոխմանը»,-նշել էր Թոփրաքը։

Յեթքինը, անդրադառնալով այս խոսքերին, ընդգծել է, որ իրականում դա այն է, ինչ ուզում են հարցնել ընդդիմադիր բոլոր կուսակցությունները՝ «Արդյո՞ք Ուկրաինայի ճգնաժամն օգուտ կտա Էրդողանին»։

Թուրք լրագրողը նշել է, որ այդ ճգնաժամը ստիպել է միջազգային լոբբիին հիշել Թուրքիայի աշխարհաքաղաքական կարևորության մասին։ Ընդգծել է, որ Անկարան նուրբ բանաձևերով փակել է ռուսական ռազմանավերի առջև նեղուցները, երևացել է Ուկրաինային վաճառված բայրաքթարների խաղացած դերն ուկրաինական կառավարության դիմադրության մեջ, իսկ մյուս կողմից, օդային տարածքը չփակելով Ռուսաստանի առջև և չմիանալով տնտեսական պատժամիջոցներին, ցույց է տվել, որ չի ուզում խզել կապերը Ռուսաստանի հետ։

Թուրք լրագրողը հանգել է եզրակացության, որ Ռուսաստանը լքող ներդրողները կցանկանան գալ Թուրքիա կամ տեղափոխել իրենց կապիտալը Թուրքիայով, բայց նրանց կարող է մտածելու առիթ տալ այն, որ երկիրը հեռացել է իրավական պետության սկզբունքներից և ժողովրդավարությունից։

Ըստ Յեթքինի՝ թուրքական ընդդիմությանը նաև հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք երկիր հոսող արտաքին կապիտալն Էրդողանը կօգտագործի տնտեսական ճգնաժամից դուրս գալու և 2023-ի ընտրություններում առավելություն ստանալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս